Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը
08.02.2020
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մասնակցել է ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությանը:
Երդման արարողությանը ներկա էին նաև ԵՊՀ ԻՄ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Տավուշի մարզի ուժային կառույցների ղեկավարները, զորամասի հրամանատարական և սպայական կազմը, հոգևոր հայրեր, նորակոչիկների ծնողներն ու հարազատները։
Մարզպետ Հայկ Չոբանյանը շնորհավորելով նորակոչիկներին՝ երդման արարողության կապակցությամբ, նշեց․ «Հայոց հաղթական բանակի սիրելի զինվորներ, այսօր ձեր երդմամբ արձանագրեցիք լինել Հայաստանի Հանրապետության թիվ մեկ երաշխավորը և պահապանը ոչ միայն առաջիկա տարիներին, այլև ձեր ամբողջ կյանքի ընթացքում, որովհետև դուք երդվեցիք ոչ միայն զինվոր, այլև որպես եղբայր, զավակ, հայ և Հայաստանի Հանրապետության քաղաքացի»։
Զորամասի հրամանատար, գնդապետ Թաթուլ Ղազարյանն իր ողջույնի խոսքում ասաց․«Բանակը եղել ու մնում է որպես կյանքի դպրոց։ Այսօր ձեզ համար հիշարժան ու տոնական օր է, քանի որ դուք տվեցիք կյանքում ամենասուրբ երդումը՝ ծառայել հայրենիքին։ Դուք երդում տալով հավաստում եք ձեր նվիրվածությունը՝ բանակին և հայրենիքին»։
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, փոխգնդապետ Նվեր Մանգասարյանը, Տեր Թադեոս քահանա Թադևոսյանը և նորակոչիկների ծնողներից։