Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացել է քննարկում բազմաբնակարան շենքերի էներգախնայողության բարձրացման վերաբերյալ
24.01.2020
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել քննարկում Տավուշի մարզի համայնքներում շենքերի էներգիաարդյունավետ արդիականացման բարձրացման վերաբերյալ: Քննարկմանը ներկա էին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Տավուշի մարզի համայնքների ղեկավարները, ինչպես նաև մարզպետարանի համապատասխան ոլորտի պատասխանատուները։ Հանդիպումը վարել է Տավոշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը։
ՄԱԶԾ առաջարկությամբ քննարկման դրված ծրագիրը նախատեսում է շենքերի վերանորոգման աշխատանքներ, որոնք ենթադրում են շենքերի արտաքին պատերի ամբողջական ջերմամեկուսացում, Էներգաարդյունավետ լուսավորության համակարգի ներդրում, արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում: Համալիր միջոցառումների իրականացման արդյունքում բնակիչները կկարողանան 50-60%-ով կրճատել գազի և էլեկտրականության համար նախատեսված կոմունալ ծախսերը:
Ըստ ՄԱԶԾ ներկայացուցիչների, փորձը ցույց է տվել, որ ծրագրի բարեհաջող իրականացումից հետո նկատվում է բնակարանների շուկայական գների բաձրացում, զբոսաշրջության գրավչության աճ: Նշենք նաև, որ էներգիայի խնայողության դեպքում նվազում է ջերմոցային գազերի արտանետումը և շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակը:
Ծրագրի ֆինանսավորման 25%-ը նախատեսվում է տրամադրել դրամաշնորհային տարբերակով, իսկ մնացած 75%-ը փոխանցվելու է կառավարության, համայնքի, համատիրության բյուջեից և բնակիչների ներդրումներից:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ներկայացնել առաջարկներ և դրանք արդեն քննարկել առանձին համայնքների հետ, ինչն էլ կնպաստի մարզում ծրագրի բարեհաջող մեկնարկին: