Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օր, որը տարբերություն մտցրեց ինչ-որ մեկի կյանքում

23.01.2020

2020 թվականի հունվարի 18-ին Սինոփսիս Արմենիայի մի խումբ աշխատակիցներ այցելել են Տավուշի մարզ ՝ ընկերության աշխատակիցների կողմից բարեգործական առաքելության իրականացման նպատակով։

Անցյալ տարվա դեկտեմբերին կայացած Սուրբ Ծննդյան ցուցահանդես-վաճառքում ընկերության աշխատակիցները ոչ միայն ներկայացրել են իրենց ձեռքով պատրաստված յուրահատուկ ձեռագործ աշխատանքներն ու ստեղծագործությունները, հանդես եկել ուրույն ստեղծագործական գաղափարներով, այլև կազմակերպել են համեղ տնական քաղցրավենիքների ու նախուտեստների վաճառք-հյուրասիրություն։ Վաճառքի արդյունքում հավաքագրված նիրատվությունները որոշվել է տրամադրել Հայաստանի որևէ սահմանամերձ գյուղի կարիքավոր բազմազավակ ընտանիքի։

Տավուշի մարզպատարանի, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի, մարզպետի խորհրդական Արբակ Գրիգորյանի օգնությամբ ընտրվել է մեկ շահառու ընտանիք, որը բնակվում է Այգեհովիտ գյուղում և ունի վեց անչափահաս երեխա։ Սինոփսիսի աշխատակիցների նվիրատվությունների շնորհիվ հնարավոր է դարձել շահառու ընտանիքի համար գնել Ինկուբատոր, ինչի շնորհիվ ընտանիքը կհիմնի նոր բիզնես հետագայում կայուն եկամուտ ունենալու համար, սառնարան, ձմեռային տաք բաճկոններ և ճտքավոր կոշիկներ երեխաների համար:

Հայկական մշակութային արժեքների պահպանման և ազգային պարի հանրայնացման նպատակով Սինոփսիսի աշխատակիցները նաև հրավիրել էին «Մենք» պարային համույթին, որի համերգն ու պարուսուցման դասը առանձնահատուկ հմայք հաղորդեց միջոցառմանը, ինչպես նաև Այգեհովիտ գյուղի դպրոցականներին հնարավորություն տվեց սովորելու նոր պարեր:

«Յուրաքանչյուր ոք պետք է փորձի անել առավելագույնը՝ ինչ-որ բան փոխելու և ավելի լավը դարձնելու ուղղությամբ․ սրանով են առաջնորդվում Սինոփսիսի աշխատակիցները։ Ուզում եմ երախտագիտությունս հայտնել Սինոփսիսի աշխատակիցներին, Տավուշի Մարզպետարանին, Այգեհովիտ համայնքին և բոլոր նրանց, ովքեր նվիրեցին իրենց ժամանակը և սփռեցին իրենց սերը` երեխաների համար այսօրը անմոռանալի դարձնելու համար», - ասում է Սինոփսիս Արմենիայի Հանրային կապերի ղեկավար Գայանե Մարկոսյանը, ով նաև համակարգում է Սինոփսիսի Համայնքային ծրագրերը Հայաստանում:

Սինոփսիսի՝ Հայաստանում կատարած տեխնոլոգիական և կրթական ներդրումների հետ մեկտեղ, ընկերությունը նաև հետևողականորեն սերմանում և զարգացնում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մշակույթը։ Ամենամյա ծառատունկերի, շրջակա միջավայրի աղտոտվածության նվազեցման, մշակութային և ժամանցային գոտիների մաքրման և բարեկարգման ծրագրերի շարքում իրենց ուրույն տեղն են զբաղեցնում ընկերության աշխատակիցների կողմից կազմակերպվող արդեն ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես վաճառքները։ Վերջիններս գերազանց հնարավորություն են Սինոփսիսի աշխատակիցների համար օգնելու կարիքավոր ընտանիքներին ինչպես իրենց տաղանդների և գաղափարների իրականացման ու ժամանակի նվիրաբերման, այնպես էլ իրենց գործընկերների առաջարկած իրերը գնելու միջոցով:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57