Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում հյուրընկալվել էին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի երեխաները

27.12.2019

Հանրապետության նախագահի նստավայրի հյուրերն այսօր Տավուշի մարզի Չինարի, Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար համայնքների, ինչպես նաև Գյումրիի Շալե կենտրոնի երեխաներն էին:

Ավելի վաղ Տավուշի և Շիրակի մարզեր կատարած աշխատանքային այցերի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեխաներին հրավիրել էր նախագահական նստավայր՝ մասնակցելու ամանորյա տոնական միջոցառմանը և միասին նշելու գալիք Ամանորը:

Նախագահական նստավայրում փոքրիկ հյուրերի համար կազմակերպվել էր տոնական շոու-ծրագիր՝ տարբեր խաղային համարներով: Երեխաներին ողջունել, բարեմաղթանքներ են հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը, որից հետո նրանք միասին վառել են նստավայրի տոնածառի լույսերը:

Արմեն Սարգսյանը զրուցել է երեխաների հետ, հետաքրքրվել է նրանց նախասիրություններով: «Եկեք պայմանավորվենք, որ մյուս տարի բոլորդ լավ եք սովորելու, լինելու եք խելոք և խելացի, որպեսզի դառնաք այն, ինչ երազում եք, որպեսզի մեր հայրենիքը լինի հզոր և ուժեղ: Իսկ ես խոստանում եմ, որ անպայման նորից հյուր կգամ ձեզ»,-ասել է նախագահը:

Լրագրողների հետ զրույցում Հանրապետության նախագահը նշել է, որ հնարավորության դեպքում կցանկանար հյուրընկալել Հայաստանի բոլոր մարզերի երեխաներին, հատկապես նրանց, ովքեր ավելի շատ ուշադրության կարիք ունեն: «Բոլոր երեխաները տաղանդավոր են, նրանք մեծ ապագա ունեն և մեր բոլորի ուշադրության կարիքը: Նրանցից յուրաքանչյուրը մի հսկայական աշխարհ է, ունեն մեծ գաղափարներ, երևակայություն»,-նշել է նախագահը:

Տիկին Նունե Սարգսյանն էլ ասել է. «Երեխաներից ամեն մեկը մի մոլորակ է: Այս փոքրիկները հրաշք են, գեղեցիկ, խելոք, համարձակ, աշխույժ և շփվող: Ցանկանում եմ, որ մեր երկրի ամեն երեխա լինի երջանիկ և առողջ»:

Երեխաների այցը կազմակերպվել էր Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից: Նրանք ոչ միայն հյուրընկալվել են նախագահականում, այլև հնարավորություն են ունեցել մուլտֆիլմ դիտել «Մոսկվա» կինոթատրոնում, զբոսնել մայրաքաղաքում և ամանորյա նվերներ ստանալ Ձմեռ պապից: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-01-25 19:17:24