Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տարվա ամփոփում՝ մարզխորհրդի նիստ

23.12.2019

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հերթական խորհրդակցությունն անցկացրեց համայնքների ղեկավարների, վարչական ղեկավարների, մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ։ Բացելով խորհրդակցությունը՝ մարզպետը ներկաներին ներկայացրեց Տավուշի մարզի  դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Էդուրարդ Հարությունյանին և ՀՀ ՊՆ Իջևանի Ռազմական ոստիկանության բաժնի պետ, գնդապետ Մեսրոպ Հովհաննիսյանին։ Հայկ Չոբանյանը հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքը բարձր որակի է լինելու։ Այնուհետև ամփոփեց 2019թ․ արդյունքները և խոսեց 2020թ․ անելիքների մասին։

Օրակարգի առաջին հարցով Տավուշի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ասքանազ Բաբլումյանը ներկայացրեց 2019թ․ դեկտեմբերի 20-ի դրությամբ մարզի համայնքների սեփական եկամուտների կատարողականը։ Սեփական եկամուտների կատարողականի մեջ ցածր կատարողականներ ունեն Խաշթառակ, Աչաջուր, Կողբ, Գետահովիտ, Այրում, Դիլիջան և Իջևան համայնքները։ Հողի հարկի մասով ցածր կատարողական ունեն Աչաջուր, Իջևան, Խաշթառակ, Դիլիջան և Այրում համայնքները։ Համայնքների ղեկավարներին առաջարկվել է կտրուկ միջոցներ ձեռնարկել՝ 2019թ․ տեղական բյուջեներով նախատեսված սեփական եկամուտներն ամբողջությամբ հավաքագրելու ուղղությամբ։

Տավուշի մարզում 2019թ․ գյուղատնտեսական մթերքների արտադրության և մթերման արդյունքների մասին ներկայացրեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը։ 2019թ․ գյուղատնտեսական մթերքների արտադրության տվյալներով, բացի պտղից և խաղողից, մնացած մշակաբույսերի արտադրությունն անցյալ տարվանից եղել է պակաս, որը պայմանավորված է եղանակային անբարենպաստ պայմաններով և կարկտահարությամբ։ Արտադրվել է 11199 տոննա խաղող, մթերվել է 6869 տոննա։ Մարզի վերամշակող կազմակերպությունների կողմից մթերվել է 773․4 տոննա պտուղ և հատապտուղ։ Բացի մթերումները շուրջ 456 տոննա պտղից պատրաստվել է չիր։ Շուրջ 900 տոննա դեղձ, արքայանարինջ, թուզ, հոն, ելակ է արտահանվել արտերկիր։ Նշվեց նաև, որ Բերդի տարածաշրջանի Այգեձոր և Չինարի գյուղերից ՌԴ է արտահանվել շուրջ 240 տոննա թուզ։

Մարզպետ Հայկ Չոբանյանն ասաց, որ Տավուշի մարզում արդյունավետ գյուղատնտեսությունը հատկապես վերաբերում է պտղաբուծությանը։
-Մենք մեր ջանքերը պետք է գործադրենք այդ ենթակառուցվածքների ավելացման և զարգացման ուղղությամբ։ Առաջին հերթին դա վերաբերում է ոռոգման համակարգերին, տարբեր պտղատեսակների այգիների մասսայական հիմնմանը, դա վերաբերում է գոյություն ունեցող, արդեն ծերացած այգիների փոփոխությունը նոր, ինտենսիվ այգիներով, որովհետև դրանք էական փոփոխոթյուն են ոչ միայն մարդու կյանքում, այլև մեր ունեցած ռեսուրսի օգտագործման և արդյունավետության առումով։ Ես ուրախ եմ, որ այս տարի մենք պտղաբուծության առումով, ըստ էության, առաջընթաց ենք ունեցել։ Սա ապացուցում է, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։

Մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆելիքս Ափինյանն իր զեկույցում ներկայացրեց համայնքներում առկա խնդիրները։ 2019թ․ իրավական և մասնագիտական վերահսկողություն է իրականացվել մի շարք համայնքներում։ Հսկողություն իրականացնող մարզպետարանի մասնագետների ներկայացմամբ բոլոր համայնքներում հայտնաբերվել են նույնատիպ թերություններ՝ ֆինանսների, հողաշինության, քաղաքաշինության և մյուս բնագավառներում։ Համայնքապետերին առաջարկվեց այսուհետ վարչական հսկողության արդյունքում հայտնաբերված բացթողումներ ունեցող աշխատակիցներին ենթարկել կարգապահական տույժերի, որը դրական արդյունք կունենա։ Նշվեց նաև, որ ՏԻՄ սեփական լիազորությունների նկատմամբ իրականացվող իրավական և մասնագիտական հսկողությունը 2020թ․ կիրականացվեն նոր հարցաշարերի հիման վրա, որտեղ ընդգրկված են ՏԻ մարմինների բոլոր լիազորությունները։

Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Տիգրան Մուշեղյանը ներկայացրեց 2019թ․ սուբվենցիոն և պետական աջակցության ծրագրերի կատարողականը։ ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդի հաշվին «Հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների» ծրագրերով, 2019թ․ Տավուշի մարզում իրականացվել են շինարարական աշխատանքներ՝ վերանորոգվել են 5 կրթական հաստատություն, 1 երաժշտական դպրոց և մեկ արվեստի դպրոց, 12 ջրագիծ՝ 10 խմելու ջրի և 2 ոռոգման համակարգ, 4 ճանապարհաշինական՝ 3 ճանապարհների վերանորոգում և 1 գիշերային լուսավորություն, 4 այլ օբյեկտներ։

Մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը, ավելացումներ անելով 2019թ․ սուբվենցիոն ծրագրերում, նշեց, որ Գանձաքար համայնքում ձեռք է բերվել գյուղտեխնիկա, Ազատամուտ համայնքում՝ վարչական շենք, իսկ Այգեհովիտ համայնքում ոռոգման համակարգ է կառուցվել։ Ներկայացվեց նաև Տավուշի մարզում 2020թ․ առաջնահերթ ծրագրերի պլանավորումը։

Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Ղազումյանը ներկայացրեց համայնքներում Ամանորյա միջոցառումների ծրագրերը։ Նախ ներկայացվեցին 2019թ․ իրականացված մշակութային միջոցառումները, որոնք շարունակական բնույթ կունենան։ Տավուշի մարզի բոլոր տարածաշրջաններում և բնակավայրերում տեղի կունենան ամանորյա ուրախ և տոնական միջոցառումներ։ Մանե Ղազումյանն ամփոփելով իր ելույթը շնորհավորեց ներկաների գալիք 2020թ․ և մաղթեց առավել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27