Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել մարզպետին կից մշակութային հանձնաժողովի տարեվերջյան նիստը
16.12.2019
Դեկտեմբերի 13-ին Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել մարզպետին կից մշակութային հանձնաժողովի տարեվերջյան նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են 2019թ․ կատարված աշխատանքներն ու հաջորդ տարվա անելիքները։
Կրթության հանձնախմբի ղեկավար Հրեղեն Գասպարյանը ներկայացրել է կրթության ոլորտում առկա խնդիրները, առաջարկելով ոլորտի մասնագետների վերապատրաստում։
Մշակութային հարթակների հանձնախմբի ղեկավար Կարապետ Ղուլիջանյանը հանձնաժողովին ներկայացրել է մարզում առկա մշակութային մի շարք կառույցների շենքային պայմանները և խնդիրները։
Հայաստանի նկարիչների միության Տավուշի մասնաճյուղի ղեկավար, "Տավուշի հոգևոր վերածնունդ" հիմնադրամի տնօրեն Արմինե Թումանյանը խոսել է Իջևանի "Վերնատուն" պատկերասրահի խնդրի մասին։
Պատկերասրահի տարածքի մի մեծ հատված հատկացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ քաղաքացիների սպասարկման միասնական կենտրոն դարձնելու նպատակով։
Մշակութային հանձնաժողովի նախագահ Արմեն Մելիքյանն ամփոփելով նիստը, շնորհակալություն է հայտնել մարզպետարանին, հանձնաժողովի անդամներին և նշել, որ Տավուշի մարզի մշակութային բոլոր հարթակները պետք է ծառայեն իրենց նպատակին։ Սա հանձնաժողովի 2020թ. առաջին քայլերից մեկն է լինելու։