Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Հայկ Չոբանյանը մասնակցել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի հրավիրած խորհրդակցությանը
14.12.2019
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 13-ին խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ։
Նախարարն արդյունավետ է որակել պետական մարմինների ղեկավարների և մարզպետների մասնակցությամբ ոլորտային հարցերի անմիջական քննարկման արդեն իսկ պարբերական դարձած ձևաչափը և նկատել, որ այն բարձրացնում է միջոլորտային խնդիրները լուծելու արդյունավետությունը։
Մարզպետների հետ խորհրդակցությանը քննարկվել է 2019թ․ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն և մարզերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացման աշխատանքների ընթացիկ վիճակը։ Անդրադարձ է կատարվել այն ծրագրերին, որոնք, պայմանավորված եղանակային պայմաններով, նախատեսվում են ավարտել հաջորդ տարի։
Նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ շինաշխատանքների ընթացքում հայտնաբերված թերություններն ու նախանշված ժամկետների խախտումներն արձանագրելու և շինարարական կազմակերպությունների հետ դրանք վերացնելուն ուղղված հետևողական աշխատանք տանելու ուղղությամբ։
Ամփոփվել են 2019թ․ դեկտեմբերի 1-ի դրությամբ համայնքների եկամուտների հավաքագրման արդյունքները։ Նշվել է, որ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,3 մլրդ դրամով։
Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև Երևանի 2800-ամյակին նվիրված պուրակում նախատեսվող տոնավաճառին և ամանորյա միջոցառումներին մարզերի կոլորիտային ներկայացվածությունն ապահովելուն։