Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մենք գյուղատնտեսությունը պետք է վերադարձնենք գյուղին․ Արմսվիսբանկի և Տավուշի մարզպետարանի համագործակցության արդյունքում տեղի ունեցավ Սևքարի դպրոցի այգու բացում և բիզնես ֆորում

26.11.2019

Նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ Սևքարի դպրոցին հարող տարածքի պտղատու այգու պաշտոնական բացման արարողությունը։ Այգին հիմնվել է Տավուշի մարզպետարանի աջակցությամբ և «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի հովանավորությամբ՝ Արմսվիսբանկի 15-ամյակին ընդառաջ։

Բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, մարզպետարանի աշխատակիցներ, «Արմսվիսբանկի» գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը, բանկի աշխատակիցներ, ուսուցիչներ։

-Մենք գյուղատնտեսությունը պետք է վերադարձնենք գյուղին, մեր երեխաները պետք է սովորեն, ճանաչեն, մշակեն հողը։ Սա այն սկիզբն է, որով մեր երեխաները ոչ միայն այգին, այլև գյուղը դրախտ կդարձնեն։ Սրանով և այսօրվանից մենք մի մեծ շարժում ենք սկսում և պետք է այնպես անենք, որ գալիք տարվա վերջին բոլոր դպրոցներն այսպիսի այգի ունենան։ Դա ամրություն է մեզ համար, մեր ներկան և ապագան է, հոգատարություն է մեր ունեցածի նկատմամբ,- ասաց մարզպետ Հայկ Չոբանյանը։

Սևքարի միջնակարգ դպրոցի աշակերտները՝ ի նշան երախտագիտության, իրենց ձեռքի աշխատանքներից նվիրեցին մարզպետ Հայկ Չոբանյանին և «Արմսվիսբանկի» գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանին։

Այնուհետև նորաբաց այգում Հայկ Չոբանյանը, Գևորգ Մաչանյանը, մարզպետարանի և «Արմսվիսբանկի» աշխատակիցները տնկեցին ծառեր։

Հիշեցնենք, որ «Արմսվիսբանկի» աշխատակիցները նոյեմբերի 16-ին Տավուշի Սևքար համայնքի դպրոցի հարակից 6500 քմ տարածքում տնկել են մոտ 500 ծառ։ Այս ծրագրով վերականգնվել է խորհրդային տարիներից այս կողմ չմշակված դպրոցի այգին։ Բացի ծառատունկից, իրականացրել են նաև այգու հիմնման նպատակով անհրաժեշտ նյութերի ձեռք բերման և տարածքի պարսպապատման, մաքրման, բարեկարգման, ինչպես նաև ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ, որոնց ամբողջական ֆինանսավորումն իրականացվել է «Արմսվիսբանկի» կողմից:

-Շնորհավորում եմ բոլորիս այսօրվա կապակցությամբ: Իրական շնորհակալությունը Բանկին և այգու հիմնման համար ջանքեր գործադրած մարդկանց կլինի այն, որ որոշ ժամանակ անց այցելելով այստեղ կտեսնենք խնամված, բարեկարգ և իր նպատակին ծառայող այգի: Գնահատելով մյուս դպրոցների հարակից տարածքներում նոր այգիներ հիմնելու Ձեր վճռականությունը` մենք անմասն չենք մնա մարզպետարանի հետագա նմանատիպ նախաձեռնություններից, և նույնպես ներգրավված կլինենք հաջորդ տարում առնվազն մեկ դպրոցին հարակից այգու հիմնման աշխատանքներին,- հայտնեց ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը:

Շնորհակալական խոսք ասաց նաև դպրոցի տնօրեն Նաիրա Թանանյանը. «Հուսով եմ, որ այս այգու շնորհիվ երեխաների մոտ կմեծանա սերը դեպի հողը և գյուղատնտեսական աշխատանքը: Բացի այդ, շնորհակալ ենք Արմսվիսբանկին դպրոցին արևային ջրատաքացուցիչ նվիրաբերելու համար, ինչը այսուհետ մեր երեխաներին կապահովի անվճար տաք ջուր»:

Այգու բացումից հետո Ապագա Ռեզորթում անցկացվեց Բիզնես Ֆորում, որին մասնակցեցին Տավուշի մարզպետը, Բանկի տնօրենը, ներկայացուցիչներ մարզից և Բանկից, մարզի բիզնեսների ներկայացուցիչներ, ներդրողներ:

Ֆորումի ընթացքում Բանկի ներկայացուցիչները ներկաներին ծանոթացրեցին Բանկի անցած ուղու, առաջարկվող պրոդուկտների, աշխատանքային գործընթացների հետ, տեղի ունեցան քննարկումներ, ծանոթություններ:

Այս միջոցառումը կարելի է համարել մասնավոր և պետական հատվածների համագործակցության լավագույն փորձ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:29:45