Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշում բացվեց էլեկտրոմոբիլների լիցքավորման առաջին կայանը

24.11.2019

Ամիսներ առաջ մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպում էր ունեցել Ուկրանիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում համայնքի ներկայացուցիչները ներկայացրել էին «Ecocars» էլեկտրատրանսպորտի զարգացման ծրագիր, որն իրագործելու են Հայաստանում և սկիզբը դրվելու է Տավուշի մարզից։ «Ecocars»-ը Հայաստանում էլեկտրոմոբիլների լիցքավորման կայանների տեղադրման սոցիալական նախագիծ է:
Նախաձեռնող խումբը Դնեպրոպետրովսկի շրջանի հայ երիտասարդությունն է՝ ի դեմս Կամենսկոյե քաղաքի հայերի միության նախագահ Ռոման Չոբանյանի:

Այսօր արդեն այդ ծրագիրը իրականություն է։ Նոյեմբերի 23-ին Իջևանատուն ռեստորանի մոտ պաշտոնապես բացվեց էլեկտրոմոբիլների լիցքավորման առաջին կայանը։
Բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, մարզպետարանի աշխատակիցներ, Ուկրաինայի հայերի միության և տարբեր մարզերի ներկայացուցիչներ, Իջևանի քաղաքապետ Հայկ Ղալումյանը և պատվավոր այլ հյուրեր:

-Այսօր մենք Տավուշի մարզում բացում ենք առաջին էլեկտրական լցակայանը։ Մեզ համար դա շատ կարևոր նշանակություն ունի, որովհետև հերթական նորարարական քայլն ենք կատարում, որը մեծ շարունակություն պետք է ունենա։ Սա հնարավորություն է ավելի հարստանալու, սեփական ոտքերին ավելի ամուր հենվելու, սպառողական մոտեցումից անցնելու արտադրողական մոտեցման։ Շնորհակալ եմ բոլոր նախաձեռնողներին, հատկապես Ուկրաինայի հայ համայնքին և շնորհավորում եմ իրենց մուտքը մեր կյանք, մեր մարզի տնտեսական, մշակութային կյանք,- ասաց Հայկ Չոբանյանը։

Այս ծրագրի նպատակն է հնարավորինս շատ էլեկտրոմոբիլների լիցքավորման կայանների հիմնումը, ինչը կնպաստի Հայաստանի բնակիչների կողմից էլեկտրական մեքենաների գնմանը, հետագայում էներգախնայող և էներգոանկախ պետության ձևավորմանը և հասարակության մեջ էկո-շարժման մասսայականացմանը:

Առաջին կես տարում բոլորը ցանկացողները կարող են անվճար լիցքավորել իրենց էլեկտրական մեքենաները ՈՒՀՄ-ի լիցքավորման կայաններում։:

Նշենք, որ «Ուկրաինայի հայերի միություն»(ՈՒՀՄ) ՀԿ-ն միակ ուկրաինական կազմակերպությունն է, որը միավորում է Ուկրաինայի ներկայիս բոլոր հայկական համայնքները և գործում է ոչ միայն Ուկրաինայում, այլ նաև միջազգային մակարդակում: Սփյուռքի զարգացումը, ուկրաինական հասարակության մեջ հայերի արդյունավետ ինտեգրման խթանումը, սոցիալական օգնությունը և հայրենակիցների աջակցությունը ՈՒՀՄ-ի գործունեության հիմնական խնդիրներն են:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:03:11