Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ազատամուտի երեխաների ծրագիրը հաղթող է ճանաչվել Գործիրհիմա իդեաթոն-մրցույթում
22.11.2019
Նոյեմբերի 20 –ին՝ Երեխաների միջազգային օրվա առթիվ, Տավուշի մարզի Դիլիջանի թիվ 4 միջնակարգ, Ազատամուտ, Սարիգյուղ, Խաշթառակ համայնքների դպրոցների, Դիլիջանի պետական քոլեջի մոտ 50 երեխաներ (13-17 տարեկան) Վանաձորում մասնակցեցին Գործիրհիմա իդեաթոն-մրցույթին:
Հայաստանում ԵՄ պատվիրակության «Եվրոպական միությունը Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում իրականացվող մրցույթին մասնակցում էին ևս 2 մարզերի երեխաներ:
Միջոցառման մասնակիցներին ողջունեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և այլ հյուրեր:
Միջոցառման նպատակն էր բարձրացնել համայնքների իրազեկման մակարդակը մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ներգրավվելով նրանց ոլորտում առկա խնդիրների լուծմանը:
Մասնակիցները մշակեցին համայնքային խնդիրների լուծման գաղափարներ: Երեխաների կողմից մշակվեցին մոտ 30 համայնքային ծրագրեր, որոնցից պետք է ընտրվեր միայն երեք նախագիծ՝ յուրաքանչյուր մարզից մեկական:
Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի՝ ԻՄՓԱՔԹ երիտասարդական ակումբի երեխաների նախագիծը ժյուրիի կողմից հաղթող ճանաչվեց: Երեխաները ստացան դրամաշնորհ՝ 2000 եվրոյի չափով, որին, ըստ նախնական պայմանավորվածության, կավելացվի որոշակի գումար համայնքային բյուջեից՝ որպես համաֆինանսավորում: Այդ գումարով երեխաները կստեղծեն համայնքային այգի:
Նախագծերի մշակման գործում մասնակիցներին խորհրդատվական աջակցություն տրամադրեցին մարդու իրավունքների ոլորտում գործող կազմակերպություններից և կրթական հաստատություններից փորձառու մասնագետներ։
Ծրագրի ընթացքը կվերահսկեն մարզպետարանն ու Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը: