Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գետահովիտի քարանձավները՝ հնագիտական բացառիկ վայրեր․ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել է հնագիտական արշավախմբի ղեկավար Իրենա Քալանթարյանի հետ
14.11.2019
Գետահովիտի երկու քարանձավները՝ Խաչաղբյուր գետի կիրճում (Աղստեւ գետի վտակ) 960 մ բարձրության վրա, հայտնաբերվել են 2010 թվականին, հայ-ֆրանսիական համատեղ արշավախմբի ժամանակ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ ակտիվորեն օգտագործել են քարանձավը վերին պալեոլիթի ժամանակաշրջանից մինչև ուշ միջնադար: Իսկ 2014-ին կատարված շերտագիտական շուրֆը բացահայտել է քարայրի ամբողջ ժամանակային ընդգրկումը. միջնադարյան շերտ, այնուհետև ստերիլ շերտ, էնեոլիթ, նեոլիթ, կրկին ստերիլ շերտ, և ներքևում, արդեն գետնին բացվել է փոս՝ լցված օբսիդիանի միկրոլիտներով: Ռադիոկարբոնային վերլուծությունը ցույց է տվել վերին պալեոլիթի դարաշրջանը` մեր ժամանակներից (cal BP) 24-23 հազար տարի առաջ: Կարևոր բուսական գտածոներից են վայրի խաղողի կորիզները և Կովկասյան փռշնին, որը հիմա էլ աճում է տարածաշրջանում: Հայ հնագետներին 2017 թվականից օգնում է Իջևանի գինու և կոնյակի գործարանը:
Նոյեմբերի 9-ին մարզպետ Հայկ Չոբանյանը, Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը, Հայաստանի Նկարիչների միության Տավուշի մասնաճյուղի ղեկավար Արմինե Թումանյանն արշավախմբի հետ բարձրացել են «Գետահովիտ-2» քարանձավ: Գետահովիտ քարայրի հնագիտական արշավախմբի ղեկավար, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից Իրենա Քալանթարյանը, ով շուրջ տասը տարի զբաղվում է Իջևանի տարածաշրջանի «Գետահովիտ-2» քարանձավի ուսումնասիրությամբ, ներկայացրել է այն գտածոները, որոնք հայտնաբերվել են քարանձավից:
Նշենք նաև, որ «Մեր Տավուշը» խորագրով շաբաթօրյակի ու ծառատունկի ընթացքում «Գետահովիտ-2» հնագիտական արշավախմբի անդամները Գետահովիտ գյուղի տարածքում կատարել են ծառատունկ և մաքրման աշխատանքներ: