Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակին նվիրված ցուցահանդես
12.11.2019
Նոյեմբերի 10-ին Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում տեղի ունեցավ ցուցահանդես՝ նվիրված Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակին, որտեղ ներկայացված էին 23 նկարչի և 2 քանդակագործի աշխատանքներ։
Ցուցահանդեսին ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Նկարիչների միության Տավուշի մասնաճյուղի ղեկավար Արմինե Թումանյանը, վաստակավոր նկարիչ Մարտին Պետրոսյանը, Խաչիկ Աբրահամյանը, ով բազում ցուցահանդեսներ է կազմակերպել աշխարհի տարբեր երկրներում, նկարիչ Գագիկ Խաչատրյանը և մի շարք հյուրեր։
-Գեղարվեստը և մշակույթը մեր կյանքի ամենակարևոր բաղադրիչներն են։ Մենք երջանիկ, տաղանդավոր և հանճարեղ ժողովուրդ ենք։ Աշխարհում բոլոր ժողովուրդները չէ, որ ամեն մի անկյունում, ամեն մի գյուղում ունեն այսպիսի տաղանդներ, որոնք կարող են ճաշակ, աչք և ականջ դաստիարակել։ Մշակույթն այն ուժն է, որի միջոցով կարող ենք հաղթահարել չարությունն ու ագահությունը։ Ուզում եմ, որ մեր մտքում եղած ծրագրերը միշտ բարձր ճախրող լինեն, որպեսզի կարողանանք իրականացնել,- ասաց Հայկ Չոբանյանը։
-Հրաշալի մի երկրում եմ գտնվում, որտեղ երբեք չեմ եղել։ Այստեղ արվեստասեր ժողովուրդ է ապրում։ Տավուշի բնությունն ինձ վրա մեծ տպավորություն է թողել։ Հայաստանում այդպիսի քիչ անկյուններ կան, որոնք կարող են մարդուն զարմացնել։ Այստեղ՝ Իջևանում, ես զարմացել եմ լեռներով, սարերով և բնությամբ։ Նույնիսկ մտածում եմ Երևանից տեղափոխվեմ այստեղ՝ ապրելու,- ասաց վաստակավոր նկարիչ Մարտին Պետրոսյանը։
Ցուցահանդեսի բանցմանն աջակցել են Նկարիչների միության Տավուշի մասնաճյուղի ղեկավար Արմինե Թումանյանը, ՀՀ Տավուշի մարզպետարանը, Իջևանի համայնքապետարանը, «Հայ նկարիչների կենտրոնը», «Հայ կերպարվեստի» հիմնադրամը և «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամը։
Ցուցահանդեսի վաճառքից գոյացած գումարի 30% կփոխանցվի "Սիթի օֆ սմայլ" բարեգործական հիմնադրամին։