Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Երբ հոգիս թռչի անավարտ երգով…». Հերոսապատում՝ նվիրված արցախյան հերոս Լեռնիկ Աղբալյանին

08.11.2019

Ազատամուտ համայնքի մշակույթի պալատում տեղի ունեցավ «Ազատամուտյան հերոսապատում» հիշատակի եւ ոգեկոչման շարքի վերջին միջոցառումը՝ նվիրված արցախյան ազատամարտի հերոս Լեռնիկ Աղբալյանին:
Ծնվել է 1974թ. նոյեմբերի 6-ին Տավուշի մարզի Աչաջուր գյուղում, ապա տեղափոխվել Ազատամուտ։ Լեռնիկ Աղբալյանը եղել է տաղանդավոր երաժիշտ: Չունենալով երաշտական կրթություն, նվագել է տարբեր երաժշտական գործիքների վրա՝ շվի, կլարնետ, ակորդեոն, դաշնամուր:
Դեռ զորահավաքին ներկայանալու իր ժամկետը չլրացած, 18-ամյա Լեռնիկը զինվորագրվում է հայոց սահմանների պաշտպանությանը: Ծառայելով Կապանի սահմանապահ զորամասում, նա կամավորագրվել է Հորադիզի պաշտպանությանը:

Ծանր մարտերից մեկի ժամանակ նա ոտքից վիրավորում է ստանում և շրջափակումից փրկվում Հադրութի ջոկատի օգնությամբ։ Հոսպիտալում դեռևս բավարար բուժում չստանալով՝ Լեռնիկը կրկին մեկնում է ռազմաճակատ։ Օմարի բարձունքում տեղի ունեցած դաժան մարտերից մեկում, 1994թ. փետրվարի 19-ին, անհավասար մարտում 20 տեղից վիրավորում ստանալով, Լեռնիկ Աղբալյանն իր անունը գրում է ազատամարտի պատմության փառքի էջերում:

Լեռնիկ Աղբալյանը հետմահու պարգեւատրվել է Արիության մեդալով:

Նրա արյունոտ ծոցատետրում ծնողները գտնում են այս բանաստեղծությունը.

Ազգի պատիվը բարձր պահելով,
Եռագույն դրոշը երկինք պարզելով,
Թուրքին կհաղթենք հայկական ոգով,
Արև կբերենք զուռնա-դհոլով։
Իսկ եթե այրվեմ, վառվեմ կրակով,
Սիրտս քուն մտնի թուրքի գնդակով,
Իմացե՛ք, տղե՛րք, հպարտ քայլերով
Ինձ հողին հանձնեք զուռնա-դհոլով։
Ու թե հեռանամ ես իմ հավատով,
Երբ հոգիս թռչի անավարտ երգով,
Տղե՛րք ջան, տղեր՛ք, հայկական երգով
Վրեժս առե՛ք զուռնա-դհոլով…

Լեռնիկ Աղբալյանի հիշատակին նվիրված միջոցառմանը ելույթ ունենալով, հերոսի հայրը՝ Հրանտ Աղբալյանը կարեւորեց երիտասարդ սերնդին արցախյան ազատամարտի էջերին ծանոթացնելու առաքելությունը, որ իրականացնում է «Ազատամուտյան հերոսապատում» շարքի հեղինակ եւ սցենարիստ, ուսուցիչ Վլադ Բալասյանը:

«Նոր բանակ գնացողներն ավագ եղբայրներին պետք է ճանաչեն։ Մեր զինվորների արյամբ բերված խաղաղությունն այնքան երկար թող լինի, որ բոլորը գնան, խաղաղությամբ ծառայեն ու գան, իսկ եթե որևիցե վտանգ սպառնա, ավագ եղբայրների վերժը լուծեն ու անփորձանք գան»,-նշեց հերոսի հայրը։

Միջոցառմանը մասնակցելու նպատակով Ազատամուտ էին այցելել Լեռնիկի մարտական ընկերները՝ Հայաստանի տարբեր մարզերից:

«Ազատամուտյան հերոսապատում» շարքի հեղինակ Վլադ Բալասյանը ոգեկոչման միջոցառումներ է կազմակերպել համայնքի մյուս հերոսների վերաբերյալ նույնպես: Սամսոն Ափինյանի, Արմեն Հակոբյանի, Ռոբերտ Գեւորգյանի, Աշոտ Անտոնյանի, Կարեն Թիրաբյանի եւ Լեռնիկ Աղբալյանի անուններով փողոցներ են անվանակոչվել Ազատամուտում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-11-20 17:07:03