Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եռատոն Դիլիջանում

19.10.2019

Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ Դիլիջանում կառուցվող Սրբոց Նահատակաց եկեղեցու հիմնարկեքի արարողությունը:
Դիլիջանի եկեղեցին կառուցվում է բարերարներ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի, Նուբար Աֆեյանի, Մաքսիմ Աթայանցի, Արմեն Կարապետյանի և Նորայր Թևանյանի աջակցությամբ:
Հիմնարկեքի արարողությանը ներկա էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, հոգևոր հայրեր, եկեղեցու բարերարներ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ու «Ավրորա» միջազգային ֆորումի մասնակիցներ:
Օրը բազմախորհուրդ էր, քանի որ նշվեց Դիլիջանի անվանակոչության 475-ամյակը և «Ավրորա ֆորումի» շրջանակներում նշվեց Դիլիջանի օրը:
-Այսօր Դիլիջանը բազմատոն ու բազմախորհուրդ է: Այստեղ այնպիսի մթնոլորտ է տիրում, որը շատ համահունչ ու ներդաշնակ է Դիլիջանին և Տավուշ աշխարհին: Մենք նշում ենք մեր սիրելի քաղաքի տոնը, քաղաք, որտեղ արարել են, ապրել են մարդիկ՝ նվիրվածությամբ, որին սիրահարվել են, և մեր ամենօրյա ջանքերը պետք է ուղղված լինեն, որպեսզի այս քաղաքում իրեն հարիր և համահունչ կյանքի ամենաբարձր որակը լինի: Այսօր նաև մարդասիրության խորհուրդն է իշխում այս մթնոլորտում: Մենք մեր պատմության ընթացքում աշխարհին տվել ենք համամարդկային արժեքներ, որոնց վրա հենվում է քաղաքակրթությունը: Այստեղ հոգևոր տոն է, քանզի մենք տարիներ հետո Դիլիջանին վերադարձնում ենք իր եկեղեցին, որին սերնդեսերունդ երազել է դիլիջանցին,-շնորհավորելով ներկաներին ասաց Հայկ Չոբանյանը:

Դիլիջանում գտնվող Սուրբ Աստվածածինը քանդվել էր դեռևս 1935-36թթ.-ին և մոտ 80 տարի քաղաքում եկեղեցի չկար։ 2010թ.-ից Դիլիջանի հոգևոր հովիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի շնորհիվ եկեղեցուն տարածք է տրամադրվել, որտեղ կատարվում են բոլոր եկեղեցական արարողությունները։

-Այսօր Դիլիջան քաղաքի 475-ամյակն է։ Չեմ կարող ասել, թե ինչ սկզբնավորությամբ ենք հաշվարկել 475-ամյակը, բայց վստահաբար կարող ենք վկայել, որ Գրիգոր Մագիստրոս Պահլավունին՝ զորավար-մտավորականը, հրավիրում էր աշխարհին ներկա գտնվելու այս դրախտավայրում, որտեղ մարդիկ մոռանում են մահվան մասին։ Եվ այսօր այս եկեղեցու հիմնարկեքով՝ Վեհափառ Հայրապետի ձեռքով քարերի օծումով, մենք վերստին վկայում ենք մահվան մասին մոռանալու մասին։ Այսօր հատկապես ուզում եմ ասել, որ սա ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ պատասխանն է ժամանակների մեջ գործված մեղքին, երբ մենք մեր ձեռքերով քանդեցինք այս քաղաքում աստվածային տները, գետնին հավասարեցրինք , վերածեցինք ամեն ինչի՝ բացի Աստծո ներկայության կարևորագույն հոգևիճակից,- ասաց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

-Հավատացյալի համար Եկեղեցին միայն ճարտարապետական կոթող ու քարեղեն կառույց չէ, այլ՝ աստվածային ներկայության, երկնային շնորհների բաշխման, հոգիների մաքրման ու ապաքինման վայր, ժամանակավորի միջից հավիտենության առաջնորդող հաստատություն՝ հիմնված Քրիստոսի հաստատուն վեմի վրա,-ասաց Վեհապառ Հայրապետը:
Վեհապառ Հայրապետը շնորհակալություն հայտնեց բարերարներին և իր հայրական օրհնությունն ու պատգամն ուղղեց ներկաներին:

Օրն ավելի գեղեցիկ դարձրին Դիլիջանի փոքրիկները՝ իրենց պարային ելույթներով:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10