Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվեց Գանձաքար համայնքի տարածքում տուրիզմի զարգացման ու առողջարանային համալիրի կառուցման ներդրումային ծրագիրը
18.10.2019
Այսօր Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը ռուսաստանաբնակ գանձաքարցիներ Սարգիս և Գագիկ Էվինյանների հետ քննարկեց Գանձաքար համայնքի տարածքում տուրիզմի զարգացման ու առողջարանային համալիրի կառուցման ներդրումային ծրագիրը։ Քննարկմանը մասնակցում էին նաև մարզպետարանի քաղաքաշինության վարչության և հողաշինության ու հողօգտագործման բաժնի պատասխանատուները, ծրագրերի բաժնի աշխատակիցը, Գանձաքար համայնքի ղեկավարը։ Գործարար եղբայրները հակիրճ ներկայացրին համալիր ծրագրի իրականացման փուլերն ու հաջորդականությունը՝ նշելով, որ ծրագրում նախատեսում են նաև եղնիկների բուծման արգելոցի ստեղծում, ինչպես նաև հարակից տարածքների պատմամշակութային արժեքների՝ եկեղեցիների, քարանձավների, կիկլոպյան բերդերի վերականգնում։ Քննարկման արդյունքում մշակվեց կոնկրետ գործողությունների պլան։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներդրողների կողմից նախատեսված տարածքները անտառային և գյուղնշանակության հողատարածքներ են, առաջարկվեց ներկայացնել բիզնես ծրագիր, որի հիման վրա համայնքը կկազմի համապատասխան փաթեթ և կներկայացնի մարզպետարան՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու և հողերի նպատակային նշանակությունը փոխելու համար։