Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շնորհավորում եմ մեզ՝ մեր ավանդական, մշակութային արժեքներից մեկի՝ բիչինայի վերածննդի կապակցությամբ. Հայկ Չոբանյան

14.10.2019

Հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի Նավուր համայնքում տեղի ունեցավ «Շամշադին էկո միթ»՝ «Շամշադինի համ» մսամթերքի արտադրամասի պաշտոնական բացման արարողությունը:

Այսուհետ Շամշադինում արտադրվելու է բիչինա: Միսը գյուղացիներից մթերվելու է ամբողջ տարին՝ նույն գնով։

Պաշտոնական բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը, Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, Բերդի տարածաշրջանի համայնքների ղեկավարներ, հյուրեր:

-Սա սկիզբ է ոչ միայն այս ձեռնարկության համար, այլև բազմաթիվ խորհուրդների համար, որ այս ձեռնարկությունն ունի, և դա պետք է տարածվի ոչ միայն Տավուշ աշխարհում, այլև ամբողջ ՀՀ-ում: Ամենակարևորը հավատն է այն ուժի, այն գործողությունների նկատմամբ, որ մենք ունենք: Ես շնորհակալ եմ, հպարտ և ավելի ուժեղ, որ եկեղեցին մեր թիկունքին է կանգնած, երկրի կառուցման գործում, նաև տնտեսական ոլորտում իր ներդրումներով։
Շնորհավորում եմ մեզ մեր ավանդական, մշակութային արժեքներից մեկի՝ բիչինայի վերածննդի կապակցությամբ, որովհետև սա միայն ուտեստ չէ, այլ սերնդեսերունդ եկած մշակույթ, որը մենք այսօրվանից կիսում ենք աշխարհի հետ,- ասաց մարզպետ Հայկ Չոբանյանը:

-Մենք ուզում ենք փաստել, որ կյանքում գերշահույթներ պետք չէ ստանալ:Մեր մտածողությունը պետք է լինի համայնքային, ոչ թե առանձնացած ու անհատական։ Մեր խնդիրների մեծ մասը կապված է մարդու եսակենտրոնացման, անհատապաշտության, անհատականության հետ։ Այսօր մեր երկիրը վնասվում է նրանից, որ մեր նախաձեռնությունները միտված են ոչ թե դիմացինի, համայնքի արդյունավետությանը, այլ՝ մեր շահին։

Մենք մեր տկար նյութական միջոցներով ցանկանում ենք փաստել, որ կարելի է առանց գերշահույթների ուղղակիորեն նպաստել մարդկանց կյանքի բարելավմանը, որն իրականում, ինքնին արդեն գերշահույթ է ամբողջ պետության համար,- իր խոսքում ասաց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

«Շամշադինի համ» մսամթերքի արտադրամասի բացման կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահվեց մարզպետ Հայկ Չոբանյանին:
Այնուհետև հյուրերը շրջեցին արտադրամասում և ծանոթացան բիչինայի պատրաստման եղանակներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03