Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
11.10.2019
![](http://tavush.mtad.am/files/n_pics/22505_s.jpg)
Տավուշի մարզպետարանը գործարարներին հրավիրում է մարզի չորս տարածաշրջաններում սպանդանոցային տնտեսության հիմնման գործարար համագործակցության։
Համաձայն Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության՝ 2020 թվականի հունվարի 1-ից հանրային սննդի օբյեկտներում իրացվելու է բացառապես սպանդանոցային ծագում ունեցող միս։
Տավուշի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների կողմից հաշվարկված են պահանջվող ներդրման և շահութաբերության չափերը, որի արդյունավետ կառավարման պարագայում ակնկալվում է շոշափելի շահութաբերություն:
Մարզպետարանն իր աջակցությունն է առաջարկում անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման, բիզնես պլանների մշակման, շենք-սարքավորումների ընտրության, նաև հողահատկացումների գործընթացներում։
Պատրաստակամ ենք գյուղատնտեսության պետական օժանդակության ծրագրերի շրջանակներում ձեր բիզնեսին օգնել «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրով, որը ենթադրում է՝
• 5 տոկոս տոկոսադրույք,
• գյուղատնտեսական կոոպերատիվներին՝ 3 տոկոս,
• սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տնտեսվարողներին՝ 0 տոկոս,
• վարկի գումարը՝ 3-15 մլն․ ՀՀ դրամ,
• վարկի մարման ժամկետը՝ մինչև 5 տարի,
• մայր գումարի և տոկոսադրույքի մարման արտոնյալ ժամկետը՝ մինչև 12 ամիս։
Նաև դիմողները կարող են օգտվել «Ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության» ծրագրից, որը տալիս է հետևյալ հնարավորությունները՝
• կանխավճարի չափը՝ 20 տոկոս,
• սուբսիդավորման արդյունքում՝
- 4 տոկոս տոկոսադրույք,
- սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տնտեսվարողներին՝ 0 տոկոս,
• յուրաքանչյուր լիզինգառուի կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը՝ մինչև 450 մլն․ ՀՀ դրամ,
• լիզինգի մարման ժամկետը՝ մինչև 8 տարի,
• մայր գումարի մարման արտոնյալ ժամկետը՝ 3 ամիս։
Մանրամասների համար կարող եք զանգահարել 077-77-10-07 հեռախոսահամարով Վաղարշակ Սուքոյանին կամ 077-98-48-43 համարով՝ Տիգրան Սաքանյանին։