Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոյեմբերյանում կկառուցվի «Պապոնց տուն» ցերեկային խնամքի կենտրոն

09.10.2019

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունը, որը Հայաստանի Հանրապետությունում ղեկավարում է ավելի քան 100 միլիարդ դրամ կենսաթոշակային միջոցներ, իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում 40.000 եվրո է նվիրաբերում Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմին` Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում ցերեկային խնամքի կենտրոնի կառուցման համար:

Ծրագրի նպատակն է նպաստել Տավուշի մարզի և Նոյեմբերյանի տարածաշրջանում բնակվող երեխաների և նրանց ընտանիքների կրթական, ճանաչողական և հոգևոր բարեկեցությանը: Ներկայիս ցերեկային կենտրոնը, որը գործում է 110 երեխաների համար, ունի վատ պայմաններ: Հետևաբար, հիմնարար անհրաժեշտություն է կենտրոնը վերակառուցել և դարձնել մի հաստատություն, որը կշարունակի գործել ամբողջ հզորությամբ և իր ազդեցությունն էլ ավելի կտարածի` ծառայելով Նոյեմբերյանի և հարակից գյուղերի ավելի շատ ընտանիքների:

Ծրագրի շնորհիվ Նոյեմբերյան քաղաքում ավելի քան 200 սոցիալապես խոցելի երեխաները և նրանց ընտանիքները հնարավորություն կունենան ստանալու կրթություն, պատշաճ խնամք և սոցիալական ծառայություններ՝ նրանց կրթական և ճանաչողական զարգացումը խթանելու, ինչպես նաև նրանց կյանքի որակը բարելավելու համար:

-Ես չափազանց հիացած ու տպավորված եմ պարոն Դրայսի՝ Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ ունեցած նվիրվածությամբ, սիրով ու խորը գիտելիքներով: Շնորհիվ նրա ջանքերի և «Ցե-Կվադրատ Ամպեգա Արմենիա» Ընկերության ֆինանսավորման՝ մենք Նոյեմբերյանում կկառուցենք հիանալի կենտրոն՝ Տավուշի մարզի մեր երեխաների համար, որոնք ապրում են առավել խոցելի պայմաններում: Բարձր եմ գնահատում պարոն Դրայսի նվիրվածությունը և ջանքերը`Հայաստանի և Գերմանիայի միջև կրոնական, կրթական, գիտական և մշակութային ուժեղ կապեր հաստատելու համար,- ասաց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

- Նմանատիպ նախաձեռնություններն արժեքավոր են մեր տարածաշրջանի համար, քանի որ համար մեկ արժեքը մարդն է և այսպիսի կենտրոններ ունենալն ամենակարևոր ներդրումներն են, որովհետև մեր ժողովրդի, մասնավորապես՝ մեր երեխաների, երիտասարդների հոգևոր-մշակութային-կրթական զարգացումը մեզ կարող է հասցնել ամենամեծ և ամենաբարձր հանգրվաններին,- ասաց Հայկ Չոբանյանը:

-Ես հետադարձ հայացք եմ նետում այն ամբողջ ճանապարհին, որ մենք միասին անցել և զգացել ենք վերջին 25 տարիների ընթացքում՝ Հայաստանի իմ ուղեկից ընկերներին, բազում նոր ընկերներին և ընդլայնված հորիզոններին։ Հայաստանը պահպահում և զարգացնում է իր մշակույթը դժվար միջավայրում։ Հայերը նորարար են և կարողանում են աշխատանք ստեղծել նույնիսկ առանց դրսի աջակցության։ Ես դա հասկացել եմ վերջին 25 տարիներին պարբերաբար այցելելու ընթացքում։ Դժվար է պատկերացնել, թե որքան ծանր է եղել իրավիճակը այստեղ։ Բավականին տպավորիչ է, թե ինչի է հասել Հայաստանը և ինչ ներուժ ունի այն։ Այստեղ Նոյեմբերյանում նայեք ձեր շուրջը, երեխաների տներին և ցերեկային խնամքի կենտրոնին։ Պայմանավորված խիստ աղքատությամբ՝ Տավուշի բազմաթիվ ընտանիքներից երեխաները հայտնվում են գիշերօթիկ դպրոցներում և մանկատներում, որն իր հերթին հանգեցնում է երկար տարիների տարանջատման և ընտանիքների տրոհման: Նման տարանջատումները բավականին ցավալի են ինչպես երեխայի, այնպես էլ ընտանիքի համար: Որպես վերը նշված խնդրի ապացուցված և հիմնավորված լուծում՝ մենք բարձր ենք գնահատում Հայ Առաքելական եկեղեցու նվիրյալ աշխատանքը և հատկապես Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ջանքերը` ցերեկային խնամքի կենտրոնների կառուցման և գործարկման գործում»,-նշեց «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» Ընկերության դիտորդ խորհրդի նախագահ պարոն Էռնստ Լյուդվիգ Դրայսը:

«Ցե-Կվադրատ Ամպեգա Արմենիա» Ընկերության բաժնետեր «Ցե-Կվադրատ Գրուպ» Ընկերությունը որդեգրել է իր գործունեության երկրներում տարեկան մեկ ազդեցիկ նախագիծ ֆինանսավորելու ռազմավարությունը: Այս տարի մենք ընտրել ենք Հայաստանը և տարեսկզբից գնահատում ենք սոցիալական բարեկեցության ծրագրերը, և մեր ընտրությունը կանգ է առել ցերեկային խնամքի կենտրոնների վրա, քանի որ բարձր ենք գնահատում այս հայեցակարգը և դրա ազդեցությունը Հայաստանի հեռավոր շրջաններում բնակվող անապահով ընտանիքների վրա»,- ասաց «Ցե-Կվադրատ Ինվեսթմենթ Գրուպ» Ընկերության ավագ տնօրինության անդամ Անդրեաս Վիմմերը:

-Այս նախագիծը հնարավորություն է ընձեռնում Տավուշի մարզում բնակվող երեխաներին ունենալ ավելի պայծառ ապագա: Կենտրոնի հայեցակարգը տարիների ընթացքում ապացուցել է, որ արդյունավետ է, և մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունենք աջակցել կենտրոնի հետագա զարգացմանը: Այս ցերեկային կենտրոնը կդառնա լքվածության վտանգի տակ գտնվող երեխաների համար այլընտրանքային խնամքի օրինակելի տեղ, իսկ ծնողներին հնարավորություն կտա իրենց երեխաներին մեծացնել ներառական և սիրող միջավայրում»,- իր խոսքում նշեց «ՑեԿվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության Գլխավոր գործադիր տնօրեն Արման Վարդանյանը:

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերության (Վիեննա, Ավստրիա) և գերմանական «Տալանքս ասեթ մենեջմենթ» (Քյոլն, Գերմանիա) ընկերության համատեղ ձեռնարկությունն է՝ հիմնադրված Հայաստանի Հանրապետությունում: Ներկայումս «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում կառավարում է ավելի քան 100 միլիարդ դրամ ակտիվներով կենսաթոշակային ֆոնդեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 17:11:50