Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սա երազող, սիրահարված, նվիրված մարդկանց նախաձեռնություն է. բացվեց Տավուշի թեմի Արևիկ սոցիալ-կրթական կենտրոնը և նոր Առաջնորդարանը

04.10.2019

Հոկտեմբերի 3-ին բացվեց Տավուշի թեմի Արևիկ սոցիալ-կրթական կենտրոնը և նոր Առաջնորդարանը: Կենտրոնի կառուցումն իրականացվել է Տավուշի թեմի կողմից, Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ՝ Մարդկային Անվտանգության «Grassroots» դրամաշնորհային ծրագրի (GGP) շրջանակներում: Կենտրոնի կառուցմանը աջակցել են նաև «Պահապան» հիմնադրամը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը, ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը և անհատ բարերաներ: Կառույցի շինարարությունը սկսվել է 2017 թ.: Կենտրոնը նպաստելու է Տավուշ աշխարհի և Իջևան քաղաքի սոցիալ-կրթական, դաստիարակչական կյանքի բարելավմանը:

Բացման հանդիսավոր արարողությաննը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Ջուն Յամադան, բարերարներ, հյուրեր՝ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Կանադայից, հոգևոր հայրեր:

Կենտրոնի բակում ծառատունկ կատարեցին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանը, բարերարներ Հակոբ Հակոբյանը, Մայք և Կարի Կիրակոսյանները, Ջոն և Սոսսի Մանուկյանները, Շանթ և Քրիստին Թոբիները, Պետրոս Բաղդասարյանը։

-Մեր կենտրոնի նպատակն արժանապատիվ, առաքինի մարդ ստեղծելու առաքելությունն է: Մենք Տավուշի մարզից մերժել ենք «օգնություն» բառը, մենք օգնություն երբեք չենք ընդունում և չենք սպասում: Տավուշ աշխարհն արդեն իսկ օգնում է՝ սահմանագծին ապրելով: Մենք երջանիկ ու երախտապարտ ենք և խոնարհվում ենք այն ներդրողների առջև, ովքեր գալիս են ոչ թե օգնության իմաստով, այլ գալիս են մեր կյանքի մեջ մասնակիցը լինելու, ապրելու, զգալու, արարելու, ստեղծելու իմաստով: Հավատում եմ, որ մեր ունեցած միջոցները տրամադրելու ենք մարդկանց կյանքի բարելավման համար,- ողջունելով հյուրերին ասաց Տավուշի թեմի առջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Ջուն Յամադանն իր խոսքում նշեց, որ այս ծրագիրը համահունչ է Տավուշի մարզի տնտեսական զարգացման ռազմավարական նպատակներին:

-Մենք մեր ներկայի և ապագայի համար կարևոր գրավական համարում ենք մարդուն: Մենք պատրաստ ենք ջանք թափել մրցունակ, խելացի, հզոր, մշակութային մարդիկ դաստիարակելու համար, որովհետև մեծ գործեր հնարավոր չի անել և մեծ հաղթանակներ հնարավոր չի ունենալ առանց մշակութային գերազանցության: Կենտրոնն առաջին հերթին մարդակենտրոն և մարդաստեղծ միջավայր է:
Սա երազող, սիրահարված, նվիրված մարդկանց նախաձեռնություն է և այս հատկանիշները պետք է իշխեն շենքում,- շնորհավորելով ներկաներին ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը բարերարներին պարգևատրեց Տավուշի թեմի բարձրագույն Տավշո խաչ՝ Տահույս շքանշանով:

«Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Արմինե Թումանյանը, սեպտեմբերի 17-27-ը Տավուշում անցկացված «Տավուշն աշխարհի աչքերով» արվեստի միջազգային սիմպոզիումի ընթացքում ստեղծված 15 նկար նվիրեց կենտրոնին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57