Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տիրոջ Խաչափայտի մասունքը երկու օր Տավուշ աշխարհում էր
01.10.2019
Պատմությունից հայտնի է, որ չորրորդ դարում Սուրբ Հռիփսիմեն Տիրոջ Խաչափայտի մասունքը բերում է Հայաստան և շուրջ 17 դար Խաչափայտի մասունքը գտնվում է մեր ժողովրդի մոտ։ Պատմական Հայաստանի Վարագավանքից տեղափոխվելով՝ մասունքը շուրջ 400 տարի հանգրվանել է հենց Նոր Վարագավանքում։
Տերունական Խաչափայտի մասունքը յուրաքանչյուր տարի շրջում է Տավուշ աշխարհում՝ փոխանցելով Քրիստոսի ներկայության օրհնությունը, ապա՝ հանգրվանում իր տանը՝ Նոր Վարագավանքում։
2004 թվականից Վարագա Սուրբ Խաչի Տոնը հռչակված է Նոր Վարագավանքի ուխտի օր: Ամեն տարի այս օրը Տավուշ է բերվում նաև Վարագա Սուրբ Խաչի մասունքը՝ որպես վերադարձ իր հայրենի տուն։
Այս տարի Վարագա Սուրբ Խաչի Տոնին Նոր Վարագավանքը կրկին մարդաշատ էր: Ուխտի էին եկել ոչ միայն Հայաստանի տարբեր վայրերից, այլ նաև արտերկրից՝ հաղորդվելու Տիրոջ կենարար Խաչափայտին և նորոգված ու այլակերպված վերադառնալու իրենց հայրենի շեներ և օջախներ։
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Նոր Վարագավանքում մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ, որին ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, մտավորականներ, մշակութային գործիչներ:
Այնուհետև ներկաներին բաժանեցին մատաղ: Օրն ամփոփվեց ազգային երգ ու պարով: