Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի այցը Տավուշի մարզ
01.10.2019
Սեպտեմբերի 27-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանն այցելեց Տավուշի մարզ:
Արայիկ Խզմալյանը եղավ մարզի կրթական, մշակութային հաստատություններում, որտեղ կազմակերպվեցին հանդիպում-քննարկումներ:
Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ մարզի մշակութային գոծունեությանը, կրթամշակութային հաստատությունների տնօրենների հետ ունենալ հանդիպում-քննարկումներ՝ հետագա անելիքների և հնարավոր համատեղ նախագծերի իրականացման վերաբերյալ:
Նախարարի տեղակալն իր շրջայցը սկսեց Դիլիջանի համայնքապետարանից, այնուհետև այցելեց Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ, Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոց, Դիլիջանի արվեստի պետական քոլեջ, որտեղ ծանոթացավ ՀՕՖ-ի աջակցությամբ իրականացվող հիմնանորոգման աշխատանքներին, ապա այցելեց Ժողարվեստի թանգարան, ծանոթացավ շենքի անմխիթար վիճակին, այն գնահատելով որպես հրատապ լուծում պահանջող խնդիր: Դիլիջանի գեղարվեստի դպրոցում փոքրիկ համերգով հանդես եկան դպրոցի պարային համույթի և Արվեստի քոլեջի սաները:
Իջևանում փոխնախարար Արայիկ Խզմալյանը մարզպետ Հայկ Չոբանյանի ուղեկցությամբ ներկա գտնվեց «Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային նկարչական սիմպոզիումի փակման միջոցառմանը և ցուցահանդեսին։
Հանդիպումները եզրափակվեցին Տավուշի մարզպետարանում, որտեղ փոխնախարարը հանդիպեց ՀՀ Տավուշի մարզպետին կից մշակութային հանձնախմբի անդամներին: Հանդիպման ընթացքում Հայկ Չոբանյանը համառոտ ներկայացրեց մշակույթի ոլորտում իրականացվող աշխատանքները և խնդիրները։
Փոխնախարարը պարզաբանեց ներկայումս հանրապետությունում վարվող մշակութային քաղաքականության հիմնական կողմերը և պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:
Անդրադարձ եղավ նաև մարզի մշակութային հիմնահարցերին և ձեռք բերվեց դրանց լուծմանն ուղղված պայմանավորվածություններ։
Ամփոփելով հանդիպումներն Արայիկ Խզմալյանը մասնագիտական գրականություն նվիրեց երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներին: