Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Խթանելով ձեռներեցությունը»․ ճամբար երիտասարդների համար
26.09.2019
Սեպտեմբերի 26-ից 29-ը (բացումը՝ 16։00-ին) Հայկական կարմիր խաչի ընկերությունը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Դղյակ» հյուրատանը կազմակերպում է երիտասարդական ճամբար «Խթանելով ձեռներեցությունը» թեմայով։
Մի քանի օր 18-25 տարեկան 30 ուսանողներ՝ ծրագրավորողներ, մանկավարժներ և ապագա այլ մասնագետներ, ինչպես նաև ավագ դպրոցի աշակերտներ՝ Դիլիջանից, Իջևանից և Երևանից, հնարավորություն կունենան անցնելու ձեռնարկատիրության թեմայով տարբեր դասընթացներ և գիտելիքներ ձեռք բերելու հաղորդակցության, շուկայի ուսումնասիրության, բիզնեսի պլանավորման և այլ ոլորտներում։ Ճամբարի վերջին օրը կանցնի «հեքաթոնի» ձևաչափով, որի ընթացքում թիմերը, փորձառու մենթորների օգնությամբ, կմշակեն և կներկայացնեն իրենց բիզնես գաղափարները։
Երիտասարդական ճամբարն իրականացվում է «ԵՄ-ն հանուն երիտասարդության աշխատունակության խթանման» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրամիության ֆինանսավորմամբ և Դանիական կարմիր խաչի աջակցությամբ։
Ծրագրի նպատակն է սահմանափակ հնարավորություններով երիտասարդների շրջանում խթանել կրթություն ստանալու և աշխատելու հնարավորությունները: Հայաստանում ծրագիրը ներառելու է սահմափակ հնարավորություններով 16-30 տարեկան 4000 երիտասարդների Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, այդ թվում նաև առավել խոցելի 300 երիտասարդի, ովքեր տուժել են զինված հակամարտության և արտագնա աշխատանքի բացասական հետևանքներից: Մոտ 60 երիտասարդ խորհրդատվական և տեխնիկական աջակցություն կստանան՝ սեփական բիզնես գաղափարներն իրականացնելու համար: