Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեր առջև հսկայական ծավալի աշխատանք կա, որ պետք է իրականացնենք, և լավը այդ ամենի մեջ այն է, որ մենք այդ պոտենցիալը տեսնում ենք մեր հայրենիքում․ Հայկ Չոբանյան

23.09.2019

 Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հերթական խորհրդակցությունն անցկացրեց համայնքների ղեկավարների, վարչական ղեկավարների, մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ։ Բացելով խորհրդակցությունը՝ մարզպետը մեկ անգամ ևս շնորհավորեց Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ասելով․ «Մեր առջև հսկայական ծավալի աշխատանք կա, որ պետք է իրականացնենք, և լավը այդ ամենի մեջ այն է, որ մենք այդ պոտենցիալը տեսնում ենք մեր հայրենիքում, մեր քաղաքներում, մեր գյուղերում, մեր մարզում ու մեր երկրում, որը հսկայական փոփոխություն կարող է բերել մարդկանց առօրյա կյանքի որակի վրա։ Մնում է, որ ուղղակի համապատասխան մարդկային ռեսուրսները բավարարեն դրա իրականացման համար»։
 Օրակարգի առաջին հարցով Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Ղազումյանը ներկայացրեց 2018-2019 ուսումնական տարվա արդյունքները և նոր ուսումնական տարվա հիմնախնդիրները։ Անդրադարձ եղավ մարզում իրականացվող նախադպրոցական միկրոծրագրերին, մասնավորապես նշվեց, որ 2019թ. առաջին կիսամյակում կառուցվել կամ վերակառուցվել է հինգ մանկապարտեզ, ուր հաճախում է ավելի քան 300 երեխա: 2018-19 ուստարում մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից տրված եզրակացության հիման վրա վկայագրվել և ներառական կրթության համակարգում ընդգրկվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 490 աշակերտ, որից 57-ը ծանր, 13-ը՝ խոր ֆունկցիայի խանգարումով երեխաներ: Աշակերտների սննդի կազմակերպման հետ կապված նշվեց, որ 2017թ. փետրվարից Տավուշի մարզում «Դպրոցական սնունդ» ծրագրում ընդգրկված դպրոցները անցում են կատարել «Դպրոցական սնունդ» ծրագրի գումարային մոդուլին` սննդատեսակների գնումները կատարելով ինքնուրույն: 75 դպրոց ծրագրի շահառու է: Կրթական ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը կարևորելով՝ Տավուշի մարզպետարանը 2019թ. համագործակցության հուշագրեր և պայմանագրեր է ստորագրել հանրապետությունում գործող մի շարք կրթամշակութային, սոցիալական կազմակերպությունների հետ: Անդրադարձ եղավ դպրոցների ջեռուցման ու վերանորոգման խնդիրներին։
Մարզի համայնքների 2019թ. առաջին կիսամյակի սեփական եկամուտների կատարողականների մասին զեկուցեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ասքանազ Բաբլումյանը։ Անդրադարձավ հողի և գույքահարկի ապառքներին, ներկայացրեց սեպտեմբերի 1-ի դրությամբ ցածր կատարողական ունեցող համայնքների ցանկը։ Զեկուցվեց նաև սահմանամերձ համայնքների հողի հարկի փոխհատուցման մասին։ Նշվեց, որ համայնքները հնարավորություն ունեն ավելացնելու սեփական եկամուտները գյուղնշանակության վարձակալական հողերը վարձակալության տրամադրելու միջոցով։ Մարզպետ Հայկ Չոբանյանը հանձնարարեց ճշգրտել, թե գյուղնշանակության առկա հողատեսքերը ինչ ծավալներով են օգտագործվում և երեք շաբաթվա ընթացքում տեղեկատվություն ներկայացնել մարզի գյուղնշանակության վարձակալական հողերի վարձակալության տրամադրման գործընթացի վերաբերյալ։ Հանձնարարվեց ճշտել նաև մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող սահմանամերձ հողատարածքների սեփականատերերի հասցեականությունը։
Մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչ Գագիկ Մատինյանը ներկայացրեց 2019թ․ ամառային զորակոչի արդյունքները, անդրադարձավ ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքների կազմակերպմանը։ Նշվեց, որ ամռային զորակոչն անցկացվել է սահմանված կարգով։ Զորակոչի առաջադրանքը կատարվել է 113 տոկոսով։ Ձմեռային զորակոչի կազմակերպման համար տրվել են հանձնարարականներ կցագրման աշխատանքների նախապատրաստման և անցկացման վերաբերյալ։ Մարզպետը կարևորեց համայնքապետերի դերը երիտասարդների զինվորական մասնագիտության ընտրության և զինվորական կրթության ինստիտուտի հանդեպ հետաքրքրության մեծացման գործում, հորդորեց աջակցել այս հարցում։
Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում 1-ին կիսամյակի հսկողության արդյունքներին անդրադարձավ մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը։ Որպես խնդիր զեկուցողը նշեց փողոցային առևտուրը, անասունների փողոցային մորթը, սգո ծիսակատարությունների համար նախատեսված պարագաների ոչ սահմանված կարգով պահպանելը և վաճառքը, ասաց, որ ձեռնարկվում են միջոցներ ինչպես տեղական հասարակական կազմակերպությունների, այնպես էլ միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցով համայնքներում ոլորտի պատասխանատու մասնագետների համար կազմակերպելու վերապատրաստման դասընթացներ վարչական վարույթի իրականացման, տուգանքների նշանակման և գանձման թեմաներով:
Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուբեն Տիգրանյանը խոսեց 2019 թ․ առողջապահական ծրագրերի մասին, ներկայացրեց բյուջեի ծավալներն ըստ բուժհաստատությունների։ Զեկուցողն անդրադարձավ նաև առողջապահության համակարգի ռազմավարության 2020-2025 թ․թ․ ծրագրերին, հիվանդությունների կանխարգելման ու կադրային ապահովվածության հարցերին։
Համայնքներում թափուկների տրամադրման գործընթացի հարցի վերաբերյալ մարզպետը համայնքապետերին հորդորեց կարիքավորների ցուցակները մեկ անգամ ևս ճշտել «Հայանտառի» համապատասխան ստորաբաժանումների հետ, որպեսզի անապահով ընտանիքները առանց վառելափայտի չմնան ձմռանը։
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը անդրադարձավ ՌԴ Ստավրոպոլի երկրամասից աշնանացան ցորենի ներկրման աշխատանքներին։ Առաջարկվեց մեկ շաբաթվա ընթացքում ճշգրտել համայնքների վճարունակ պահանջարկը /կիլոգրամը՝ 200 դրամ/ և տեղեկատվություն ներկայացնել պահանջարկի վերաբերյալ՝ հետագայում բաշխումներն իրականացնելու նպատակով։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-10-19 12:42:25