Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

GIZ-ի գործողությունների արդյունքները՝ Տավուշի մարզում

23.09.2019

Տավուշի մարզը հյուրընկալեց GIZ-ի և ՀՀ ԿԳՄՍ ներկայացուցիչներին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանին և մի շարք այլ պաշտոնյաների:

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)` «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում շարունակում է աջակցել զբոսաշրջության, գինեգործության, ՏՏ/ճշգրիտ ճարտարագիտության ոլորտներին, ինչպես նաև դուալ մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈՒ) կրթական համակարգի փորձարկմանը Հայաստանում՝ հատկապես կարևորելով մարզային զարգացումը:

Սեպտեմբերի 20-ին ծրագիրը ներկայացրեց նշված ոլորտներում իրականացված գործողությունների արդյունքները Տավուշի մարզում:

Միջոցառումը մեկնարկեց Իջևանում՝ Տավուշի պետական տարածաշրջանային քոլեջում, որտեղ ողջույնի խոսքով հանդես եկան Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը և GIZ-ի ներկայացուցիչները:

-Այսօր հատկապես կրթության ոլորտում ծառացած մարտահրավերների լավագույն լուծումը մեր ներգրավածությունն է մասնագիտական կրթության մեջ: Այսօր դա մեծագույն մարտահրավեր է ոչ միայն Հայաստանին, այլև ամբողջ աշխարհին: Ես շատ ուրախ եմ, որ այս ընթացքում ձևավորվել են լավ գործընկերային հարաբերություններ՝ բոլոր կողմերի միջև: Հարգելի գործընկերներ մեր առաջիկա վարքագծի մեջ ամենակարևոր թելը պետք է լինի անկեղծության թելը: Սա է իմ ուղերձը-, ողջունելով հյուրերին իր խոսքում ասաց մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Լինելով ամենաճկուն կրթական մակարդակը՝ ՄԿՈՒ-ն կարող է արագորեն արձագանքել ժամանակակից արտադրության փոփոխություններին: Այդ պատճառով դուալ համակարգի ներդրումը GIZ-ի աջակցությամբ կարող է համարվել կրթական բարեփոխումների հիմնական ուղղություններից մեկը»,- իր խոսքում նշեց Արտակ Աղբալյանը:
Նա նաև ընդգծեց, որ ծրագիրը հնարավորություն է ստեղծում բարելավել գործնական ուսուցման բովանդակությունը մասնավոր հատվածի կարիքների հիման վրա՝ ապահովելով մասնագիտական կրթության որակի բարձրացում:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանն իր խոսքում ասաց.
«Կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդումը, տնտեսության կառուցվածքային փոփոխությունների համար պահանջվող կարողությունների զարգացումը կառավարության գործունեության հիմնական ուղղություններից են: Բացի այդ` տնտեսության կառուցվածքային փոփոխությունը ենթադրում է նոր որակի աշխատուժի անհրաժեշտություն և տարածքային համաչափ զարգացում, որը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի կողմից մեկնարկած Աշխատի՛ր Հայաստան ծրագրի հիմնական նպատակներից է: Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ հայտարարել GIZ-ի և Աշխատի՛ր Հայաստան-ի համագործակցության մեկնարկը, որի արդյունքում մասնավորապես կմշակվեն դուալ ծրագրեր՝ ուղղված աշխատաշուկա-կրթություն կապի ամրապնդմանը և երիտասարդության շրջանում զբաղվածության խթանմանը, ինչպես նաև կիրականացվեն դուալ կրթական համակարգի մասին հանրային իրազեկվածության բարձրացման արշավներ»:

ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն նշեց, որ ծրագիրն աջակցում է Հայաստանում զբաղվածության ապահովման համար կարևոր գինեգործության, զբոսաշրջության և ճշգրիտ ճարտարագիտության/ՏՏ, և համապատասխանաբար դուալ կրթական համակարգի տարրերը փորձարկվում են առաջին հերթին նշված ոլորտներում: Սակայն նա հույս հայտնեց, որ դուալ կրթական ծրագրերի ներդրումը կբխի տարածաշրջանի զարգացման ռազմավարությունից՝ նպաստելով երկրում կայուն և ներառական տնտեսական աճին:

Այնուհետև հյուրերը շրջայց կատարեցին քոլեջում՝ ծանոթանալու Հայաստանում ծրագրի կողմից փորձարկվող դուալ ՄԿՈՒ մոտեցմանը: Դուալ ՄԿՈՒ համակարգը քոլեջում արդեն գործում է զբոսաշրջության և ճշգրիտ ճարտարագիտության (մեխատրոնիկա) ոլորտներում՝ համապատասխանաբար «Զբոսաշրջություն›› և «Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում›› մասնագիտություններում:

Հաջորդիվ, մասնակիցները մեկնեցին Աչաջուր համայնք՝ ծանոթանալու CARD հիմնադրամի Գինեգործական փորձացուցադրական արտադրամասին և համտեսի սրահին, որին GIZ-ը տրամադրել է տեխնիկական աջակցություն: Այցն ավարտվեց Ենոքավանում, որտեղ հյուրերը համտեսեցին ծրագրի շահառու տնայնագործ գինեգործ Դավիթ Ավետիսյանի գինին: Նշենք, որ Տավուշում ծրագիրը մասնավորապես աջակցում է տնայնագործ գինեգործներին՝ գինու որակի բարելավման հարցում:

Նշենք, որ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագիրը (ՄՀԶ ՄԿՈՒ) իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից` Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման (BMZ) նախարարության պատվիրակմամբ:
Ծրագրի գլխավոր նպատակն է աջակցել «կանաչ» և ընդգրկուն զարգացմանը Հարավային Կովկասի երկրներում:

Հայաստանում ծրագիրը գործունեություն է ծավալում զբոսաշրջության, գինեգործության և ճշգրիտ ճարտարագիտության/ՏՏ ոլորտներում:
ՄՀԶ ՄԿՈՒ ծրագիրը բարելավում է կայուն տնտեսական զարգացման նախապայմանները ընտրված արժեթղթավորում՝ զբաղվածությունը խթանելու նպատակով հատկապես հանրապետության մարզերում և շրջաններում, ինչպես նաև ապահովում է մասնավոր հատվածի ներգրավումը մասնագիտական ուսուցման գործընթացներին և համագործակցությունը կրթական ծրագրեր մատուցողների հետ՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտական ուսուցման ծրագրեր մշակելու համար:

Դուալ ՄԿՈՒ համակարգի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-10-19 12:42:25