Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շնորհավո՛ր տոնդ, Հայաստան։ Շնորհավո՛ր, իմ սիրելի հայ ժողովուրդ․ Հայկ Չոբանյան, ՀՀ Տավուշի մարզպետ
21.09.2019
«Ազատության ճանապարհին մեզ սպասում են նոր փորձություններ, դա ամենօրյա քննություն է լինելու մեզ համար: Պահպանենք մեր ոգևորությունը, բայց համակվենք իրապաշտությամբ, շարունակենք մնալ երազող, բայց սթափ դատողությամբ»: Սա Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին խորհրդարանի ուղերձից մի հատված է՝ 1991 թվականի սեպտեմբերի 22-ին ուղղված հայ ժողովրդին։ Իսկ նախօրեին տեղի էր ունեցել անկախության հանրաքվեն, որի ժամանակ անկախության գաղափարին կողմ էր քվեարկել ընտրողների ավելի քան 94 տոկոսը։
Հանրաքվեից 28 տարի անց էլ, չնայած ռազմի դաշտում եւ խաղաղ կյանքում մեր ունեցած բազմաթիվ հաջողություններին, չնայած բազում փորձություններին ու քննություններին, մենք շարունակում ենք երազող մնալ, բայցև՝ սթափ դատողությամբ, ոգևորված, բայցև՝ իրապաշտ։ Հանուն Հայաստանի Հանրապետության առաջընթացի։
Անկախության ձեռքբերման եւ պահպանության երաշխավորին՝ հայ սահմանապահ մարդուն, սահմանապահ ընտանիքներին, հայոց բանակի սպաներին ու զինվորներին՝ փառք ու պատիվ։
Շնորհավո՛ր տոնդ, Հայաստան։ Շնորհավո՛ր, իմ սիրելի հայ ժողովուրդ։