Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իջևանում տրվում է կարևոր փուլի մեկնարկ․ նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Իջևանի համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

16.09.2019

 Սեպտեմբերի 14-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն Իջևանի համայնքապետարանի աշխատակազմին, համայնքի ավագանու անդամներին և համայնքային ենթակայության կառույցների պատասխանատուներին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանին։
 Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում նախարար Սուրեն Պապիկյանը նկատել է, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանի նշանակմամբ Իջևանում այսօր կարևոր փուլի մեկնարկ է տրվում` պայմանավորված համայնքում առաջիկայում սպասվող բաց և թափանցիկ ընտրություններ կազմակերպելու ու նոր Հայաստանի ոգուն և էությանը համապատասխան գործունեություն ծավալող համայնքի ղեկավար ունենալու հրամայականով։ «Պարոն Ղալումյանը իր երկարամյա աշխատանքային գործունեության ընթացքում ցուցաբերել է լավ կառավարչի որակներ և որպես իջևանցի ունի բարի համբավ։ Իհարկե, այս ընթացքում նրա ուսերին դրված է մեծ պատասխանատվություն, քանզի առաջիկա մի քանի ամիսներին մենք նրանից ակնկալում ենք հեղափոխական քայլեր համայնքի տնտեսության առողջացման, համայնքի բնակչության ոգու և տրամադրությունների բարձրացման հարցում, ինչը տարածաշրջանի ու Իջևան համայնքի համար պետք է զարգացման նոր էջ բացի»,- ասել է նախարարը։ Եվս մեկ անգամ շնորհավորելով Հայկ Ղալումյանին պաշտոնում նշանակման կապակցությամբ՝ նախարար Պապիկյանը նրան հաջողություններ է մաղթել Իջևանում նոր Հայաստանի քաղաքական մշակույթն ամրացնելու կարևորագույն առաքելության ճանապարհին։
 Իր հերթին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ևս շնորհավորել է նորանշանակ համայնքապետին և վստահություն հայտնել, որ Հայկ Ղալումյանը, որպես նոր ավյունով մարդ, կարող է շատ լուրջ խթան հանդիսանալ մարզպետարանի հետ արդեն ձևավորված համատեղ աշխատանքներում: Ըստ մարզպետի՝ առաջիկա ամենամեծ խնդիրը Իջևանում բարձր մակարդակով, անթերի և որակյալ ընտրական գործընթաց կազմակերպելն է, որն օրինակ կծառայի ամբողջ Հայաստանի համար:
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար, հավաստիացնելով, որ անվերապահորեն կնվիրվի իր գործին՝ առաջնորդվելով բացառապես արդարության սկզբունքով, ինչպես դա կանի իր քաղաքը սիրող յուրաքանչյուր մարդ: «Համոզված եմ, որ մեր հաջողությունների երաշխիքը ՀՀ նոր իշխանությունն է և նրա հետ համագործակցությունը»,- եզրափակել է Հայկ Ղալումյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:29:45