Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մենք չենք կարող հաղթել, եթե գիտելիքով զինված չլինենք. Հայկ Չոբանյան
01.09.2019
Այսօր սահմանապահ Ներքին Կարմիր Աղբյուրի միջնակարգ դպրոց էին այցելել մարզպետ Հայկ Չոբանյանը և ամերիկահայ բարերար Ժան-Մարի Աթամյանը՝ կնոջ և որդու հետ։ Ժան-Մարիի աջակցությամբ սահմանապահ գյուղի դպրոցն ամբողջությամբ վերանորոգվում է:
Մարզպետը և հյուրերը շրջեցին վերանորոգվող դպրոցում, ծանոթացան կատարված և կատարվող աշխատանքներին, ինչպես նաև ապագա ծրագրերին: Հայկ Չոբանյանը Ժան-Մարիին ներկայացրեց և ցույց տվեց Արմաթ ինժեներական լաբորատորիան:
Այնուհետև Գիտելիքի օրվա կապակցությամբ Հայկ Չոբանյանը շնորհավորեց ուսուցիչներին և աշակերտներին։
-Հայրենիքի գիտակցությունը պետք է բոլորի մտքում լինի, բոլորը պետք է հասկանան, որ հայրենիքը սկսվում է այստեղից՝ Ներքին Կարմիր Աղբյուրից, այն օրորոցից, որը գտնվում է սահմանի փեշին գտնվող տան մեջ և ադ օրորոցի երեխան արդեն սահմանապահ է: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ այս դպրոցում ավելի շատ երեխա սովորի: Մենք չենք կարող հաղթել, եթե գիտելիքով զինված չլինենք: Սիրելի հայրենակիցներ, ամուր եղեք, հաստատ կանգնեք ձեր հոգու, մտքի սյուների վրա, դրանով դուք հաստատ եք պահելու մեր պետության և պետականության կրթական և մտավոր սյուները,֊ ասաց մարզպետը։
Հայկ Չոբանյանը դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի Նորա Հովակիմյանին հանձնեց շնորհակալագիր:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև բարերար Ժան-Մարի Աթամյանը:
Ներքին Կարմիր Աղբյուրում տեղի ունեցավ ևս մեկ նշանակալի իրադարձություն: Համայքնի փոոցներից մեկը անվանակոչվեց ամերիկահայ բարերար Ժան-Մարի Աթամյանի անունով: