Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

01.09.2019

 Սիրելի դպրոցականներ, կրթության նվիրյալ ուսուցիչներ, ծնողներ, սրտի թրթիռով դպրոց ոտք դրած առաջին դասարանցիներ, քոլեջների ու բուհերի ուսանողներ, դասախոսներ

     Շնորհավորում եմ Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Տավուշցու համար կրթությունն ամեն ինչից վեր արժեք է: Այդպես է եղել միշտ, այդպես էր` երբ մեր գյուղերը գնդակոծվում էին: Կրթության եւ գիտելիքի ձգտումը մեզ համար կենսական պահանջ է լինելու բոլոր ժամանակներում:
Ժամանակակից աշխարհում մրցունակ կրթությունն է հրաշքներ գործում, պետությանը մղում առաջնային դիրքեր, ստեղծում արդյունք ու արժեք: Տավուշում արդեն մեկնարկել են ծրագրեր, արվել են քայլեր` ուղղված կրթության մրցունակության բարձրացմանը: Հանրակրթական դպրոցների զարգացմանը զուգահեռ, մենք հաստատուն քայլերով իրականացնում ենք նաեւ հեղինակային եւ առաջնորդության դպրոցների ներդրումը Տավուշում: Շուտով մեր դպրոցներն անճանաչելիորեն փոխվելու են: Փոխվելու է արդյունքն ու մեր ստեղծած արժեքի չափման միավորը:
 Մենք նաեւ ունենք խնդիրներ: Դիմակայուն եւ հզոր Տավուշ ունենալու համար առաջին հերթին պետք է ազդենք ժողովրդագրական պատկերի վրա:
Տավուշի չորս դպրոցներում այս տարի առաջին դասարանցիների մուտք չի եղել: Մարզի 76 դպրոցներից 26-ում սովորում է 50-ից էլ պակաս աշակերտ: Գտնելու ենք լուծումներ` այս պատկերը կտրուկ փոխելու համար:
 Բայց տարեցտարի մեր երեխաները նոր երազանքներ են բերում, ավելի նոր պատկերացումներ' ապագայի մասին, քան նախորդ սերունդներինն է: Սիրելի ուսուցիչներ, մեր խնդիրն է ոչ թե այս երեխաների երազանքները համապատասխանեցնել մեր պատկերացումներին, այլ խթանել նրանց երազանքներն ու գաղափարները, միաժամանակ անխախտելիորեն փոխանցելով ավանդաբար մեզ հասած արժեքները, ազգային հիմքի վրա կառուցելով ավելի նորարարական ու ստեղծարար պետություն:
 Բոլորիդ մաղթում եմ բովանդակալից ուսումնական տարի` հագեցած նվաճումներով ու ստեղծագործ մտքի հաղթանակներով:

       Սիրով Ձեր` Հայկ Չոբանյան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:29:45