Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են հետագա համագործակցության հարցեր
30.08.2019

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունել է «Focus on Children Now» բարեգործական ծրագրի ներկայացուցիչ Անահիտ Քալանթարյանին և ամերիկահայ բարերար Նադյա Տաղլըեանին։ «Focus on Children Now» կազմակերպությունը Հայաստանում զբաղվում է հատկապես մանկապարտեզների աջակցության ծրագրերով։ Կազմակերպության շնորհիվ մարզի յոթ մանկապարտեզներ այսօր ունեն բարեկարգ ու կահավորված խաղահրապարակներ, Նոյեմբերյանի բոլոր մանկապարտեզներն ստանում են թարմ կաթնամթերք, իսկ Բաղանիսի և Ջուջևանի մանկապարտեզները՝ սնունդ։ Օգոստոսի 29-ին հերթական բարեգործական ծրագիրն է իրականացվել մարզում․ Տաղլըեանների ընտանիքի միջոցներով Ազատամուտի մանկապարտեզում տեղի է ունեցել խաղահրապարակի բացման արարողություն, իսկ Արծվաբերդի մանկապարտեզն ստացել է նոր գույք։ Մարզպետի հետ հանդիպմանը քննարկվել են հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր, առաջարկվել է կազմել առաջնահերթությունների ցանկ։