Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզում բարդ հրդեհային իրավիճակ է. միասնական դիմակայումը՝ արդյունավետության գրավական
23.08.2019
Գնահատելով մարզում ստեղծված բարդ հրդեհային իրավիճակը՝ Տավուշի մարզպետ, ի պաշտոնե մարզի քաղպաշտպանության պետ Հայկ Չոբանյանը հանձնարարականներ է տվել և առաջարկներ արել մարզի բոլոր համայնքների և բնակավայրերի վարչական ղեկավարներին, «Գազպրոմ Արմենիա» ԳԳՄ-ի, «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Աղստև» մասնաճյուղի, մարզի ճանապարհաշինական կազմակերպությունների և ջրային կոմիտեի ղեկավարներին: Հանձնարարվել է նաև մարզպետարանում համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների ներգրավմամբ ստեղծել աշխատանքային օպերատիվ խումբ՝ մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանի գլխավորությամբ և թեժ գիծ՝ 055-01-04-01 հեռախոսահամարով:
Հանձնարվել է համայնքների և բնակավայրերի տարածքներում իրականացնել հերթապահություն: Ընդգրկելով բոլոր պետական և մասնավոր ձեռնարկություններն ու կազմակերպությունները՝ մոբիլիզացնել մարդկային և տեխնիկական միջոցները: Իրականացնել մշտադիտարկումներ և, հնարավոր հրդեհների առաջացումը կանխելու նպատակով, կատարել հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումներ (խոտհունձ, սանիտարական գոտիների ստեղծում և այլն): Հնարավորության սահմաններում նախապատրաստել ջրավազաններ, ջրի տարաներ, սրսկիչներ՝ դրանք միշտ պահելով լցված վիճակում: Հրդեհի բռնկման դեպքում անհապաղ արձագանքել տեղի ուժերով՝ միաժամանակ զանգահարելով ՀՀ ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային վարչության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն և ամենայն աջակցություն ցուցաբերել հրդեհաշիջում իրականացնող հրշեջ փրկարարներին: