Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայաստանը հրաշալի է, Տավուշը՝ բացառիկ․ մեկնարկել է «Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթը»

13.08.2019

Օգոստոսի 12-ին, արդեն 4-րդ անգամ, Հաղարծին վանական համալիրում մեկնարկեց «Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթ» ամենամյա փառատոնը։ Տավուշից, Հայաստանի և Սփյուռքի տարբեր անկյուններից, բազմաթիվ երիտասարդներ մեկ շաբաթով գալիս են սիրով լցնելու, ապրելու և ապրեցնելու Հաղարծինը։ Շաբաթվա ընթացքում վանքի տարածքում անցկացվում են բազմաթիվ հետաքրքրիր միջոցառումներ։ Շաբաթն ուղեկցվում է եկեղեցական արարողություններով, հոգևոր զրույցներով ու աղոթքով։

Փառատոնի պաշտոնական բացման արարողությանը ներկա էր մարզպետ Հայկ Չոբանյանը։

-Մեկ շաբաթ Հաղարծինը վերածվում է հոգևոր- մշակութային նոր արտահայտությունների, սիրո, արվեստների ու արհեստների քաղաքի։ Փառատոնի բուն նպատակն է անցյալը ներկա դարձնելը, անցած պատմությունը երիտասարդների կենդանի շնչով ապրեցնելը, ինչպես նաև ներքին կյանքի հզորացումը, մեր երիտասարդների հոգևոր, մտավոր, պատմական ժառանգության նկատմամբ ունեցած վերաբերմունքի և միևնույն ժամանակ պատկանելիության զգացումի զարգացումը։ Մեկ շաբաթ շարունակ Հաղարծինը դառնալու է սիրո քաղաք․ արվեստների, մշակույթի, մեր ողջ հոգևոր ուժականության վերականգնման քաղաք, խոստովանության, երկնքի ու երկրի միջև հանդիպումի քաղաք, և, վերջապես, Աստծո համբույրի քաղաք, որ ներկայանում է կանաչ-կարմիր գույներով,- բացման իր խոսքում ասաց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

Բացման խոսքով հանդես եկավ նաև մարզպետ Հայկ Չոբանյանը։
- Այս նախաձեռնությունը և այս արվեստով, մշակույթով ու ոգով լի օրերը, որ պիտի անց կացնենք այստեղ, պետք է ուղենիշը դառնան այստեղ անցկացվելիք մնացած օրերի։
Հաղարծինը ոչ միայն հոգևոր, մշակութային, կրթական կենտրոն է, այլև պետականության խորհրդանիշ։ Այդ խորհրդանիշը առկա է այն ձեռագրի մեջ, որով կերտվել է այս հոյակերտ հուշարձանը, և այդ ձեռագիրն, անշուշտ, մեր թագավորների շիրիմներն են, որ գտնվում են Հաղարծնում,-ասաց Հայկ Չոբանյանը։

Հաղարծնի շաբաթի մեկնարկն ազդարարեց Հայաստանի պետական ջազ նվագախումբը։ Շաբաթի պաշտոնական բացումը զարդարեց նաև «Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային սիմպոզիումի նկարների ցուցահանդեսը, որն իրականացնում է «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Արմինե Թումանյանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05