Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Շամշադինի մեղրի և հատապտուղների» փառատոնի երկօրյա անցուդարձը

12.08.2019

Օգոստոսի 10-ին ավանդական երգ ու պարով մեկնարկեց
«Շամշադինի մեղրի և հատապտուղների» փառատոնը։ Փառատոնն արդեն 8-րդ տարին է, ինչ համախմբում է Բերդի տարածաշրջանի համայնքների ներկայացուցիչներին: Մասնակիցներն այցելուներին ներկայացրին տարածաշրջանի մեղրն ու Տավուշի անտառներից հավաքած հատապտուղները՝ մոռ, մոշ, հապալաս, խոտաբույսեր և ձեռագործ աշխատանքներ։

Այս տարի փառատոնի պատվավոր հյուրերն էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը։
Բերդում էին նաև ՀՀ Կրթության և Գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և ՀՀ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը։

«Շամշադինի մեղրի և հատապտուղների» փառատոնի հիմնադիրը մարզպետ Հայկ Չոբանյանն է։

- Յոթ տարի և յոթ անգամ ես բացել եմ այս փառատոնը այլ կարգավիճակով: Այսօր ուրախ եմ ութերորդ անգամ բացել այն միանգամայն նոր կարգավիճակով: Ինչու՞. որովհետև այսօր մենք զբաղված ենք այն երազանքների և նպատակների իրականացմամբ, որոնք դրված են եղել այս փառատոնի հիմքում: Ես շատ ուրախ եմ, որ այսօր Բերդը, այս գեղատեսիլ այգին ավանդաբար մարդաշատ են, ուրախ ու պայծառ: Ուրախ եմ, որ համայնքի բնակիչները բարձր տրամադրությամբ ներկայացնում են իրենց աշխատանքը,- բացման իր խոսքում ասաց մարզպետ Հայկ Չոբանյանը։

Հայկ Չոբանյանը հյուրերի հետ շրջեց բոլոր տաղավարներով, նրանց ծանոթացրեց շամշադինյան մեղրի արտադրությանը, հատապտուղներին, խոտաբույսերին և ուտելիքներին։

Փառատոնի երկու օրերին ելույթներով և կատարումներով հանդես եկան «Տավուշ» հայրենակցական միության նախագահ, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Լավրենտի Միրզոյանը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ ավանդական «Ջազը սահմանին» համերգային ծրագրով, Ռուբեն Հախվերդյանը, ասմունքի վարպետ Սիմոն Եսայանը, պարային խմբեր և անհատ կատարողներ՝ Բերդից, համայնքի տարբեր բնակավայրերից, Իջևանից, Դիլիջանից և Նոյեմբերյանից: Այնուհետև վրանային ավանում տեղի ունեցավ կիթառի երեկո՝ Բարդերի մասնակցությամբ։

Փառատոնի ավարտին կազմակերպվեց ավանդույթ դարձած մեղրով տորթերի մրցույթ։ Մրցույթի հաղթողները ստացան պատվոգրեր և նվերներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18