Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նավուր գյուղը մեծ շուքով նշեց հիմնադրման 200-ամյակը
06.08.2019
Տոնը մեկնարկեց գյուղի հիմնադրման 200-ամյակը խորհրդանշող խաչքար-հուշակոթողի օծման արարողությամբ: Խաչքար-հուշակոթողի բացումը կատարեցին Նավուրի վարչական ղեկավար Արամ Նիգոյանը և Արման Մայիլյանը, ում նախաձեռնությամբ էլ տեղադրվել է խաչքար-հուշակոթողը: Օծման արարողությունն իրականացրեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
-Ես կցանկանայի, որ մենք մի պահ մտքով հետ գնանք, պատկերացնենք, թե 200 տարի առաջ մեր նախնիներն ինչ պիտի երազած լինեին այս համայնքի համար: Հավանաբար, պիտի երազած լինեին, որ Նավուրը լիներ այնպիսին, ինչպիսին այսօր կա՝ անկախ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների բնակավայր: Բայց այդ հպարտության համար մենք պետք է արժանապատիվ աշխատանք ու կյանք ունենանք, և սա է այն հրամայականը, որն ուղղված է ոչ միայն Կառավարությանը, այլև ամեն մեկիս, ով ապրում է այստեղ, որպեսզի յուրաքանչյուրս մեր լուման ներդնենք այդ արժանապատվությունը ստեղծելու համար,- շնորհավորելով նավուրցիներին, իր ելույթում նշեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Նավուր համայնքի ղեկավար Արամ Նիգոյանը, «Տավուշ» հայրենակցական միության նախագահ, պրոֆեսոր Լավրենտի Միրզոյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկանը և մի շարք հյուրեր:
Այնուհետև հյուրերը համտեսեցին Նավուր համայնքի ընտանիքների կողմից պատրաստված ավանդական ուտեստներով առատ սեղանների բարիքները և վայելեցին նավուրցի երեխաների պարային և երաժշտական գեղեցիկ կատարումները։