Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մինչև 18 տարեկան երեխաների անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին

15.07.2019

  Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքը, «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» կառավարության որոշման մեջ կատարված փոփոխություններից մեկն էլ վերաբերում է մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնության կազմակերպմանը:
 Այս քայլով ընդլայնվել է մինչև 18 տարեկան երեխաների (անկախ սոցիալական կարգավիճակից) հիվանդանոցային բժշկական օգնությունը և արտահիվանդանոցային ձևով իրականացվող առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 53-Ն հրամանով հաստատված ցանկում ընդգրկված հատուկ ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների շրջանակը, որոնք իրականացվում են պետական պատվերի շրջանակներում` այն բժշկական կազմակերպություններում, որոնց հետ կնքված է պետական պատվերի պայմանագիր:
 Միևնույն ժամանակ, ընդլայնվել է ոչ միայն երեխաների տարիքային խումբը` մինչև 7-ից դառնալով մինչև 18 տարեկան, այլև բուժօգնության տեսակները` ներառելով նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող հիվանդանոցային բժշկական առանձին ծառայություններ, որոնք մինչ այդ վերը նշված խմբերին իրականացվում էին վճարովի հիմունքներով: Մասնավորապես, գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժումը, սրտի և աորտայի ներանոթային և բաց վիրահատությունները, արթոսկոպիկ վիրահատությունները, վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ օգտագործվող մետաղական կոնստրուկցիաների (հարթակների, պտուտակների և շյուղերի) արժեքները, երիկամային քարերի փշրումը (լիթոտրիպսիան) և այլն։
 Հարկ է նշել, որ ներկայիս փոփոխությունները չեն վերաբերում ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններին և մասնագիտական բժշկական կենտրոններում`(հիվանդանոցներում) ախտորոշման ճշտման նպատակով իրականացվող լաբորատոր-գործիքային հետազոտություններին և խորհրդատվություններին: Վերջիններս շարունակում են գործել մինչև 7 տարեկան, ինչպես նաև 7-18 տարեկան սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված երեխաների համար:
  Պետական պատվերի շրջանակներում մինչև 18 տարեկան երեխաների պլանային հիվանդանոցային բժշկական օգնությունը, արտահիվանդանոցային ձևով իրականացվող հատուկ ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները և մասնագիտական բժշկական կենտրոններում` (հիվանդանոցներում) ախտորոշման ճշտման նպատակով իրականացվող լաբորատոր-գործիքային հետազոտությունները և խորհրդատվությունները իրականացվում են երեխաներին սպասարկող առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպությունների կողմից տրված ուղեգրերի հիման վրա։
 Քաղաքացիները երեխաների բժշկական օգնության և սպասարկման մասին բողոքների, հարցերի, պարզաբանումների և տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն՝ (060)80-80-02, (010)65-4711, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ»՝ (010)52-88-72 կամ 8003 հեռախոսահամարներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:29:45