Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Դասավանդիր Հայաստան» ծրագրին կմիանա մարզի ևս վեց դպրոց
15.07.2019
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանի և առաջնորդող թիմի հետ քննարկեց համագործակցության ընթացքը, մարզի մյուս դպրոցներում ևս ծրագրի իրականացման հնարավորությունները։ Քննարկմանը մասնակցում էր նաև «Առողջ Հայաստան» կազմակերպության ղեկավար Մկրտիչ Կիրակոսյանը։ Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ կարևորվեց առաջնորդության դերը, նշվեց, որ ծրագիրը հաջողությամբ իրականացվում է Ներքին Կարմիրաղբյուրի, Մովսեսի, Չորաթանի, Ակնաղբյուրի, Հաղարծինի և Սևքարի դպրոցներում։ Ներկայացվեց այն նոր դպրոցների ցանկը, որտեղ առաջիկայում աշխատելու են «Դասավանդիր Հայաստանի» ուսուցիչները։ Դրանք են Նորաշենի, Չինչինի, Կիրանցի, Ազատամուտի, Այգեձորի և Սարիգյուղի դպրոցները։
Մկրտիչ Կիրակոսյանը խոսեց առողջապահության ոլորտի ծրագրի մասին, որով համապատասխան մասնագետներ կուղարկվեն այն համայնքներ, որտեղ առողջապահական ծառայությունները մատչելի չեն, և բնակիչներին կտրամադրվեն որակյալ բժշկական ծառայություններ։