Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՄՓՈՓԵՑ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

12.07.2019

  Հուլիսի 11-ին տեղի ունեցավ Տավուշի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Հայկ Չոբանյանը, անդրադարձավ որոշակի հարցադրումների։ Օրակարգի առաջին հարցով մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը ներկայացրեց 1-ին կիսամյակի աշխատանքները, բերքահավաքի արդյունքներն ու դրա հետ կապված խնդիրները, կարկտահարության վնասները։ Նշվեց, որ եթե խաղողի մթերման գործը կանոնակարգված է, կան պայմանգրեր մարզի վերամշակող կազմակերպությունների հետ, ապա այդ հարցը բաց է պտղի մթերման գործում։ Աշխատանքներ են տարվում վերամշակող և արտահանող կազմակերպությունների հետ՝ օժանդակելու գյուղացիական տնտեսություններին պտղի, մասնավորապես դեղձի իրացման հարցում։ Աշնանացանի մասով համայնքների ղեկավարներին առաջարկվեց Ռուսաստանի Դաշնությունից գործարարների ներգրավել աշնանացան սերմացուների ներկրմանն աջակցելու նպատակով։ Մարզպետը անդրադարձավ գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմին, նշեց նաև, որ քննարկման փուլում են հիդրոենթակառուցվածքների ստեղծման ծրագրերը: Կարևորեց հակակարկտային ցանցերի ծավալների մեծացումը։ Հորդորեց ակտիվ լինել ոռոգվող հողատարածքներում կոոպերացիաների ստեղծմանը, համատեղ գյուղատնտեսական ծրագրեր իրականացնել:
 Հարակից զեկույցով մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը խոսեց գյուղատնտեսության ոլորտի առաջիկա աշխատանքների, գյուղատնտեսության արդիականացման խնդիրների մասին, որոնցից մեկն էլ ցորենի հետ կապված նոր քաղաքականության մշակումն է: Անդրադարձ եղավ իրականացվող ծրագրերին և համայնքների դերակատարությանն այդ ծրագրերում, ինչպես նաև հատապտուղ աճեցնող կոոպերատիվների ստեղծման, նոր մշակվող հողատարածքների թեմային:
 Իր զեկույցում սուբվենցիոն ծրագրերի ընթացքին անդրադարձավ մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը: 2019թ. մարզի 24 համայնքներից 12-ը ներկայացրել են 20 սուբվենցիոն ծրագիր, որից 13-ը հաստատվել է, 2–ը՝ համայնքների կողմից դադարեցվել, մյուսները գտնվում են տարբեր փուլերում: Նախորդ տարվա համեմատ սուբվենցիոն ծրագրերը թե քանակական և թե ֆինանսական առումներով աճել են 2,0 անգամ, որն արդյունք է նախապատրաստական և կազմակերպչական հետևողական աշխատանքի։ Անդրադառնալով մարզում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերին՝ մարզպետն ասաց, որ դրանցում պետք է փորձել ներգրավել Հայաստանից դուրս ապրող մեր այն հայրենակիցներին, ովքեր զբաղվում են ճանապարհաշինական աշխատանքներով. «Ամեն ինչ պիտի անենք, որ մեր ներքին ռեսուրսը առավելագույն մասնակցություն ունենա այդ ծրագրերին»:
 Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուբեն Տիգրանյանի զեկույցը սոցիալական ոլորտում իրականացվող ծրագրերին էր վերաբերում։ Դրանք սոցիալական ծառայություններ մատուցող կառույցների շենքային պայմանների բարելավման, սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացման, սոցիալական բնագավառում մատչելի միջավայրի ապահովման, փախստական ընտանիքների, զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանով ապահովման ծրագրերն են:
 «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենի տեղակալ Սմբատ Ցուցուլյանը ներկայացրեց զբաղվածության ծրագրերը և այն խնդիրները, որ կան համայնքների հետ աշխատանքում: Նշվեց, որ 11 զբաղվածության ծրագիր է իրականացվել: 2019թ. առաջին կիսամյակում զբաղվածության ակտիվ ծրագրերում ընդգրկվել է 234 աշխատանք փնտրող: Հորդորեց համայնքապետերին ակտիվ մասնակցություն ունենալ այդ ծրագրերում բնակչությանը ներգրավելու հարցում:
 Մարզպետարանի ՀԳՄ և ՏԻՄ վարչության պետի պարտականությունները կատարող Հայկ Փաշինյանը զեկուցեց 2019 թվականի Տավուշի մարզի ՏԻՄ ընտրությունների մասին՝ նշելով, որ դրանք անցել են կազմակերպված և ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան:
 Մարզի մշակույթի ոլորտի ռազմավարությունն ու առաջիկա ծրագրերը ներկայացրեց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Ղազումյանը։ Տեղեկացրեց, որ 2019-20 ուսումնական տարվանից մարզի բոլոր դպրոցների 5-րդ դասարաններում կուսուցանվի «Ազգային երգ ու պար» առարկան: Համայնքի ղեկավարների և վարչական ղեկավարների ուշադրությունը հրավիրեց գյուղերի դպրոցներում պարուսույցների առկայությունն ապահովելու խնդրի վրա: Անդրադարձավ առաջիկա ծրագրերին, իրականացվելիք միջոցառումներին: «Մեծ ուշադրություն պիտի դարձնել մշակութային բաղադրիչին,-ասաց մարզպետը,-առանց մշակույթի որևէ մեկը չի կարող իրեն երջանիկ զգալ»: Մարզպետը կարևոր համարեց մշակութային միջոցառումների ժամանակ մշակութային ներուժի օգտագործումը:
ՋՕԸ-ի գործունեության և առաջիկա ծրագրերի ու խնդիրների մասին զեկուցեց    «Տավուշ» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Յուրա Որսկանյանը։ Ջրապահովվածության խնդիրների լուծման հարցում մարզպետը կարևորեց ճիշտ պլանավորումն ու համագործակցությունը համայնքների ղեկավարների հետ, ինչպես նաև վարձավճարների հավաքագրման կազմակերպումը: Ասաց, որ ոռոգումը գյուղատնտեսական բաղադրիչ է, և ծագած խնդիրներով կարող են դիմել մարզպետարանում բացված գյուղատնտեսական թեժ գծին: Թեժ գծի համարը փոխանցվեց համայնքների ղեկավարներին՝ առաջացող խնդիրներին անմիջապես արձագանքելու և համապատասխան լուծումներ տալու նպատակով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03