Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բերդում կստեղծվի Հայաստանի առաջին «Թումո-տուփը»

03.07.2019

 Այս տարվա սեպտեմբեր ամսից Բերդ սահմանամերձ քաղաքում կգործի Հայաստանում առաջին «Թումո-տուփը», որը տարեկան կներգրավի 250 պատանիների։
 Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր տեղի ունեցավ ծրագրի շնորհանդեսը, ինչպես նաեւ հուշագիր ստորագրվեց կենտրոնի եւ Տավուշի մարզպետարանի միջեւ՝ Բերդի Թումո-տուփի տրանսպորտային աջակցության վերաբերյալ։
 Այսպիսով Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարում է «Թումո-տուփ» մարզային ծրագրի մեկնարկի մասին։
 «Թումո-տուփ» նախագիծը հնարավորություն է տալիս առանց շինարարական մեծ ծախսերի՝ փոքր համայնքների պատանիների համար հասանելի դարձնել Թումոյի կրթական ծրագիրը, նրանց համար ապահովելով կրթական տարածքով։
 Թումո-տուփը հեշտ տեղաշարժվող, բայցեւ տեխնիկապես հագեցած մինի-Թումո է։ Այն կարող է տեղադրվել ցանկացած համայնքում։
 Թումո-տուփի գաղափարին աջակցել է Հայաստանի Կենտրոնական Բանկը։ Բերդի Թումո-տուփի ստեղծմանն աջակցում են «Ամունդի-ԱԿԲԱ» ընկերությունը եւ Hayg Foundation հիմնադրամը։
 Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն իր ելույթում նշեց, որ 21-րդ դարում մրցունակության եւ հաջողության ամենամեծ գրավականը ստեղծարար մարդն է։ «Հայաստանի առանձնահակտությունը կայանում է ստեղծարար կրթության ներառական լինելու մեջ։ Մենք արդեն գնում ենք գյուղ առ գյուղ՝ հասանելի դառնալու համար բոլորին։ Մենք չգիտենք, թե տաղանդի հատիկը որտեղ է գտնվում։ Այդ մեկ հատիկը գտնելու համար պետք է կրթության հնարավորություն ստեղծենք բոլոր գյուղերում։ Մենք գիտենք, որ մեր երեխաները տաղանդավոր են։ Բայց պետք է լինեն հարթակներ՝ այդ տաղանդի դրսեւորման համար»,-ասաց Տավուշի մարզպետը։
 Հայկ Չոբանյանն ասաց, որ մեծ ոգեւորությամբ է արձագանքել առաջին Թումո-տուփը Բերդում կառուցելու առաջարկին։
 «Շատ կցանկանայինք, որ այսօր իրականացվող բոլոր բարեփոխումները չսահմանափակվեն Երեւանով, տարածվեն բոլոր գյուղերում, եւ կրթական ծրագրերը հասանելի լինեն Հայաստանում բնակվող բոլոր երեխաներին։ Ահա թե ինչու «Ամունդի-ԱԿԲԱ»-ում հավանության արժանացավ Թումո-տուփը»,-շնորհանդեսի իր խոսքում նշեց «Ամունդի-ԱԿԲԱ»-ի տնօրեն Հովիկ Մազեջյանը։
Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը հայտարարեց, որ ծրագիրը նման ձեւաչափով կընդլայնվի Արցախում եւ Շիրակում, իսկ մոտ ապագայում Մասիս քաղաքում եւ Տավուշի Կողբ գյուղում բացվող Թումոները կվերածվեն կրթական հանգույցների։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:29:45