Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սահմանամերձ համայնքները պիտի բնակեցվեն, հզորացվեն ու դառնան դիմակայուն․ Հայկ Չոբանյան
28.06.2019
Տավուշի մարզում ավարտվեց երկօրյա ուսումնավարժությունը մարզի պատրաստվածությունը բարձրացնելու ուղղությամբ։ Ուսումնավարժության մեջ ներգրավված էին մարզպետարանի ստորաբաժանումները, Բերդի և Իջևանի համայնքապետարանները, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ՀՀ ԱԻՆ Տավուշի մարզային փրկարարական վարչության, Տավուշի մարզի զինկոմիսարիատի ներկայացուցիչները։ Երկու օրվա ընթացքում քննարկվեցին բնակչության ազդարարման, իրազեկման, տարահանման, պատսպարման, կապի, սննդային և այլ ապահովվածության, բժշկական սպասարկման, մարդկային և տրանսպորտային ռեսուրսների համալրման խնդիրներ։ Քննարկվեցին նաև սահմանամերձ համայնքների անվտանգության հետ կապված տարաբնույթ հնարավոր սցենարներ-ռիսկեր և դրանց չեզոքացման ու նվազեցման ուղիներ։ Հստակեցվեցին յուրաքանչյուրի պարտավորություն-պատասխանատվությունները և գործողությունների հստակ հերթագայությունը։
Մարզպետ Հայկ Չոբանյանը, ամփոփելով երկօրյա հավաքի արդյունքները, ներկայացրեց իր նոր մոտեցումները սահմանամերձ համայնքների բնակեցման, հզորացման, դիմակայունության բարձրացման և ինքնաբավության վերաբերյալ։ Տրվեցին կոնկրետ հանձնարարականներ արձանագրված թերություն-բացթողումները շտկելու համար։