Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունել է կոնսերվատորիայի ուսանողներին

07.06.2019

  Ճանաչողական այցով այսօր Տավուշի մարզում էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երրորդ կուրսի ուսանողները։ Թեմի առաջնորդ Տ․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ուղեկցությամբ նրանք առաջինը հանդիպեցին ու զրուցեցին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ։ Բոլորն առաջին անգամն էին մարզում։ Բագրատ սրբազանը, որ նաև դասավանդում է ուսանողներին, ասաց, որ սա նմանատիպ երրորդ այցն է մարզ, որի ընթացքում ունենալու են այցեր ու հանդիպումներ տարբեր տարածաշրջաններում։ Մարզպետը ուսանողների հետ ունեցած զրույցում ներկայացրեց մարզն իր բոլոր կողմերով։ Նշեց, որ Տավուշն առաջին հերթին Հայաստանի սահմանն է, աչքի է ընկնում իր մեղմ կլիմայով ու առանձնահատուկ բնությամբ։ Սահմանին գտնվող Բագրատաշեն բնակավայրն, օրինակ, առանձնանում է մերձարևադարձային և կիսամերձարևադարձային մշակաբույսերով ու ծառատեսակներով։ Առանձնապես կանգ առավ հակառակորդի նշանառության տակ գտնվող Աճարկուտ փոքրիկ գյուղի վրա, որն իր շրջակայքով ունի հարուստ պատմամշակութային հուշարձաններ, տուրիզմի զարգացման հնարավորություններ։ Դիլիջանի հիմնական առավելություններից մարզպետը նշեց նրա կրթական, մշակութային քաղաք լինելու առավելությունները։ Դիլիջանում են գործում «ԱՅԲ»-ը, Դիլիջանի միջազգային դպրոցը, Գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղը։ «Դիլիջանը մի վայր է, որտեղ կարելի է ստանալ ցանկացած ճաշակի բարձր մակարդակի կրթություն»,-ասաց մարզպետը։ Դիլիջանն ունի նաև մշակութային զարգացման անսահամանափակ հնարավորություններ, և դրանք օգտագործելու նպատակով ստեղծվել է մշակութային խումբ, որն ինտենսիվ զբաղվում է խնդիրներով։ Իսկ Դիլիջանում գտնվող կոմպոզիտորների միության տանը պատրաստվում են եկող տարի նշելու աշխարհահռչակ կոմպոզիտոր Բեթհովենի 250-ամյակը։ Մարզպետը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին և առաջարկեց անպայման լինել Հովհ․ Շարամբեյանի անվան թանգարանում և ծանոթանալ ժողովրդական ստեղծագործության հարուստ ցուցանմուշներին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:35:27