Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ցուցադրական ուսումնավարժություն Նոյեմբերյանում

05.06.2019

ՀՀ Տավուշի մարզպետի հաստատած՝ մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2019թ․ հիմնական միջոցառումների պլանի համաձայն,  հունիսի 5-ին անցկացվեց հատուկ-տակտիկական ուսումնավարժություն՝ «փլուզված շենքում որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացում» թեմայով:

Սցենարի համաձայն՝ փլուզվել էր Նոյեմբերյանի պետական քոլեջի շենքը։

Շենքից տարհանվեց դասախոսական և ուսանողական անձնակազմը, բացառությամբ՝ 4 ուսանողի և 1 կաթսայատան աշխատողի։ Անվանականչից հետո պարզ դարձավ, որ նրանք մնացել էին փլատակներում։

Դեպքի վայր ժամանեցին ԱԻՆ Տավուշի մարզային փրկարարական վարչության Նոյեմբերյանի հրշեջ փրկարարական ջոկատը, «Նոյեմբերյան ԲԿ» ՓԲԸ շտապ օգնության բրիգադը, ոստիկանության և ճանապարհային ոստիկանության մեկական հաշվարկ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, «ՀԵՑ» ՓԲԸ և «Վեոլիա ջուր» ՓԲԸ Նոյեմբերյանի մասնաճյուղի վթարավերականգնողական խմբերը, որոնց առաջ դրված էր հրատապ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու խնդիրը։

Ուսումնավարժության պլանավորողները նախատեսել էին 6 ուսումնական տեղամաս։
Առաջին տեղամասում  «ՀԵՑ» ՓԲԸ «Աղստև» մասնաճյուղի վթարավերականգնողական խումբն իրականացրեց շենքի հոսանքազրկում և վթարված գծերի վերանորոգում։

2-րդ ուսումնական տեղամասում հատուկ փրկարար ջոկատը հրդեհի օջախում իրականացրեց մարտական բացազատում և հրդեհաշիջում։

3-րդ տեղամասում «Գազպրոմ Արմենիա»-ի վթարավերականգնողական խումբը իրականացրեց գազի արտահոսքի դադարեցում, վնասված խողովակների և փականների փոխարինում։

4-րդ տեղամասում աշխատում էր «Վեոլիա ջուր» ընկերության վթարավերականգնողական խումբը։ Այստեղ իրականացվեց վթարված ջրագծի վերանորոգում և լրացուցիչ վերականգնողական աշխատանքներ։

5-րդ և 6-րդ ուսումնական տեղամասերում փրկարարներն իրականացրին որոնողափրկարարական աշխատանքներ, ինչի արդյունքում հայտնաբերված տուժածներին տարհանեցին, ցուցաբերեցին առաջին օգնություն։

Խմբերից յուրաքանչյուրն իր աշխատանքի մասին իրազեկում էր մյուս տեղամասերում աշխատող գործընկերներին։

Ցուցադրական ուսումնավարժությունը գլխավոր խնդիր էր դիտարկում արձագանքող կազմակերպությունների գործակցության, համատեղ գործողությունների ներդաշնակեցման, կապի ու կառավարման արդյունավետության բարձրացման, ունեցած նոր տեխնիկայի ու կարողությունների ցուցադրման և ծանոթացման, կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների իրազեկման և ուսուցման հարցերը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05