Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ուղերձը՝ Առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ
28.05.2019
Սիրելի հայրենակիցներ, 1918 թվականի մայիսյան հերոսամարտերով սկսվեց հայոց պետականության վերածնունդը։ Եվ այդ հաղթարշավը 21-րդ դարում պետք է շարունակենք ավելի արժանապատիվ, ավելի ստեղծարար, ավելի զարգացող Հայաստան կերտելու համար։
1918 թվականի մայիսի 28-ը մեզ անկախություն բերեց 700 տարի պետականության բացակայությունից հետո։
Ուղիղ մեկ շաբաթ հայ ժողովուրդը Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի մատույցներում կռեց Առաջին Հանրապետությունը։ Այդ օրերին հայոց նոր պետականության հիմքերը դրվեցին։
Հարյուրամյակի հեռավորությունից ավելի տեսանելի է այն ահռելի ներդրումը, որ պետական ինստիտուտների ձեւավորման առումով ունեցավ Առաջին Հանրապետության կառավարությունը՝ պետական գործիչ Արամ Մանուկյանի գլխավորությամբ։
Հիմնական ուղերձը, որ պետք է քաղել այս պատմությունից, լինել-չլինելու դիլեմայի մեջ պարտադիր լինելն ու ավելի հզոր Հայրենիք կերտելն է։ Մեզ վիճակված է անվերջ հաղթանակ։ Ռազմական հաղթանակներն ամրապնդելու ճանապարհը տնտեսական, տեխնոլոգիական, կրթական եւ մշակութային ոլորտները գերակայություն հայտարարելն ու թռիչք ապահովելն է։
Սիրելի տավուշցիներ, այսօր պատարագ է մատուցվելու Չինարիի Խորանաշատ վանքում, որը հայ զինվորի անմիջապես թիկունքին է, նրա պահապանը։ Կխնկարկվի Առաջին Հանրապետության զինվորների ու հրամանատարների, պետական գործիչների հիշատակը։
Հայրենիքի որեւէ անկյուն չպետք է թողնել առանց խնամքի, որեւէ սրբավայր՝ սահմանից ինչպիսի հեռավորության վրա էլ լինի, առանց ժամերգության ու պատարագի։ Մայիսի 28-ը նաեւ մեր հոգեւոր զարթոնքի խորհրդանիշն է։
Շնորհավոր Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը։