Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Եվրոպայի օրը Տավուշի մարզում
21.05.2019
«Ճանապարհ դեպի Եվրոպա». այս խորագիրն է կրում «Եվրոպայի օր 2019»-ը: Այս տարի Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներն անցկացվում են Երևանում և 5 այլ քաղաքներում: Տավուշի 2 քաղաք ևս ներգրավված է Եվրոպայի օրվա տոնակատարությունների ծրագրում:
Մայիսի 17-ին Իջևանի Շատրվանների հրապարակը ողողվել էր տոնական միջոցառումներով: Տոնին ներկա էին Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Իջևանի համայնքապետ Վարդան Ղալումյանը:
Հայաստանում ԵՄ դեսպանը հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնեց:
«Մենք Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ քննարկել ենք համագործակցության ուղղությունները»,-ասաց Պյոտր Սվիտալսկին:
«Եվրոպական միությունը 3 հյուսիսային մարզերում, այդ թվում՝ Տավուշում, սկսելու է լայնածավալ ծրագրեր: Այսինքն` եվրոպական դրոշը կսկսենք ավելի հաճախ տեսնել Իջևանում և Տավուշի մարզի համայնքներում»:
Մարզպետ Հայկ Չոբանյանը շեշտեց միջոցառման կարևորությունը և նշեց, որ իր համար Եվրոպան 21-րդ դարի ժամանակակից քաղաքակրթության էտալոն է:
«Այս օրը, այս մշակույթն ու արժեքները և այն ծրագրերը, որոնք պետք է իրականացնենք Եվրոպական միության հետ, դիտարկվում են, որպես քաղաքակրթության ավելի կանաչ Ճանապարհ: Ես համոզված եմ, որ մեր ներդրումային փաթեթի մեջ եվրոպական ներդրումը բավականին ծանրակշիռ կլինի»,- ասաց մարզպետը:
Մայիսի 18-ին Եվրոպայի օրը նշվեց Դիլիջանի Կենտրոնական հրապարակում: