Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի զարգացման կարևորագույն ուղղությունները և ծրագրերը
21.05.2019
![](http://tavush.mtad.am/files/n_pics/20482_s.jpg)
Մայիսի 17-ին տեղի ունեցավ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի մամուլի ասուլիսը։ Մարզպետը նշեց, որ Տավուշի գերակա ճյուղեր են գյուղատնտեսությունը և գյուղմթերքի վերամշակումը, զբոսաշրջությունը, թեթև արդյունաբերությունը, կրթությունը: Նշված ուղղություններով 2019 թվականին կիրականացվեն առնվազն 21 ծրագրեր:
Այժմ մարզում իրականացման տարբեր փուլերում են գտնվում ավելի քան 61 ներդրումային ծրագրեր՝ ինտենսիվ այգիներ, ջերմոցային և սառնարանային տնտեսություններ, զբոսաշրջային ենթակառուցվածքներ, գյուղվերամշակման և թեթև արդյունաբերության ձեռնարկություններ:
Տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել ավելի քան 3000 ոչ գյուղատնտեսական աշխատատեղ:
Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով մշակվել է 2019-2022թթ. ռազմավարություն:
750 ֆերմերի տրամադրվել է շուրջ 2.6 մլրդ. դրամ վարկ, որից 80 տոկոսը բաժին է ընկնում անասնապահությանը: Կառավարության կողմից տրամադրվող սուբսիդիաների հաշվին նվազել են տրամադրվող վարկերի տոկոսադրույքները, սահմանամերձ համայնքներում և բնակավայրերում այն կազմում է 0 տոկոս:
Պետական համաֆինանսավորմամբ իրականացվող անասնապահական ծրագրերով ստացվել է շուրջ 240 հայտ: Ուսումնասիրվել են ոռոգման համակարգի բարելավման հնարավորությունները, որի արդյունքում հաշվարկվել է 21.8 մլրդ. դրամի ներդրմամբ լրացուցիչ 8035 հա նոր հողատարածքների ոռոգման հնարավորություն: Ներկայումս մարզում ոռոգվում է 4500 հա հողատարածք:
«Մենք կերտում ենք զարգացող, ստեղծարար, հզոր ու արժանապատիվ Տավուշ»: