Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայկ Չոբանյանը Լիբանանում մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել

14.05.2019

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հնգօրյա պաշտոնական այց է կատարել Լիբանանի Հանրապետություն:

Պատվիրակությունը, որի կազմում են Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Տավուշում մի շարք ներդրումային ծրագրեր իրականացնող «Ռազմավարական զարգացման կենտրոն» ՀԿ ղեկավար Հասմիկ Ազիբեկյանը, մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ հայկական գաղթօջախի ներկայացուցիչների հետ:

Պատվիրակությունը հանդիպել է Լիբանանի Հանրապետության Գյուղատնտեսության, տարածքային կառավարման և բնական ռեսուրսների նախարարության տնօրեն Չադի Մոհաննայի, Արդյունաբերության նախարարության գլխավոր տնօրեն Դենի Գեդեոնի, Էկոնոմիկայի և առևտրի նախարարության գլխավոր տնօրեն Ալիա Աբասի հետ։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ներկայացրել է Հայաստանի և մասնավորապես Տավուշի մարզի զարգացման հիմնական հեռանկարները, ներդրումային միջավայրը, առանձնահատկություններն ու առավելությունները:

Մարզպետը լիբանանցի պաշտոնյաներին առաջարկել է գործարար պատվիրակության հետ մասնակցել հունիսի 22-23-ին Դիլիջանում կայանալիք բիզնես համաժողովին։

Տավուշի պատվիրակությունը նաև հանդիպումներ է ունեցել լիբանանյան շուրջ 50 խոշոր գործարարների, այդ թվում՝ Զահլեյի արդյունաբերության և գյուղատնտեսության առևտրի պալատի, Լիբանանի արդյունաբերության ասոցիացիայի ներկայացուցիչների, արդյունաբերական, գյուղատնտեսական և գյուղվերամշակման ձեռնարկությունների ղեկավարների հետ։ Այստեղ տասից ավելի գործարարներ հունիսին կայանալիք բիզնես ֆորումի մասնակցության ցանկություն են հայտնել։

Դիլիջանյան համաժողովին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Բեքքայի նահանգապետ Քամալ Աբու Ջաուդը, խոստանալով առաջնորդել ներդրողների պատվիրակությանը: Նրա եւ Հայկ Չոբանյանի հանդիպումը տեղի է ունեցել Բեքաայի նահանգային կենտրոնը հանդիսացող, Լիբանանի արդյունաբերական մայրաքաղաք համարվող Զահլե քաղաքում: Այնտեղ Հայկ Չոբանյանին ուղեկցել է Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը: Հայկ Չոբանյանը Բեքքայի նահանգապետին ներկայացրել է Տավուշի տնտեսական հնարավորություններն ու համագործակցության հեռանկարները։ Քննարկվել են տարածաշրջանային համագործակցության հարցեր։

Տավուշի պատվիրակությունն այցելել է մի քանի ձեռնարկություններ, մասնավորապես՝ ջրերի, հյութերի և պլաստիկի խոշոր գործարաններ, որոնք իրենց արտադրանքն արտահանում են 30 և ավելի երկրներ։ Քննարկվել են համագործակցության հարցեր:

Հաջորդ այցը եղել է դեպի Այնճար հայաբնակ գյուղ: Հայկական պատվիրակությանն ընդունել է համայնքապետ Վարդգես Կոշյանը: Այստեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել Տավուշում նոր մշակաբույսերի տեղայնացման և մշակման ծրագրերում այնճարցիների փորձի ներդրման վերաբերյալ: Քննարկվել են նաև կրթամշակութային համագործակցության հարցեր:

Պաշտոնական այցի ավարտին հանդիպում է կայացել Լիբանանի տուրիզմի նախարար Ավետիս Կիտանյանի հետ։ Հայազգի նախարարին ներկայացվել է Տավուշի զբոսաշրջային ներուժը, զարգացման յուրահատկություններն ու հնարավորությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվա հոկտեմբեր ամսին առնվազն համաշխարհային 50 տուրիստական կազմակերպությունների մասնակցությամբ՝ Տավուշում զբոսաշրջային համաժողով կազմակերպելու վերաբերյալ:

Տավուշի մարզի պատվիրակությանը Լիբանան է հրավիրել «Գարդենիա» ընկերության նախագահ Նիկոլաս Աբու Ֆասալը: «Գարդենիան» արդեն 5 տարի ներդրումային ծրագրեր է իրականացնում Հայաստանի Կոտայքի և Տավուշի մարզերում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 12:26:56