Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խոսքից էլ զորեղ. Լսողական հաշմանդամություն ունեցող երեխաները բացառիկ համերգ տվեցին

13.05.2019

Երևանի լսողության խնդիր ունեցող երեխաների (ԼԽՈՒԵ) հատուկ կրթահամալիրի սաներն ու շրջանավարտները ելույթ ունեցան Տավուշի մարզպետարանի դահլիճում:

«Ես է՛լ եմ զինվոր» խորագրով մշակութային միջոցառմանը, որին մասնակցում էին նաև՝ Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը և «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղի սաները, ներկայացվեցին մնջախաղային բեմադրություններ, երգ, պար, հումոր:

Նախաձեռնության և գաղափարի հեղինակը Թովմաս սարկավագ Առաքելյանն է: Նա պատմում է, որ երբ Տավուշի թեմի երիտասարդները Սբ. Հարության տոնին նվիրված տեսանյութ էին պատրաստում, Կիրանց գյուղում ծանոթանում են լսողական հաշմանդամություն ունեցող 12-ամյա Արմանին, որը ժեստերի լեզվով ավետում է՝ «Քրիստոս հարեավ ի մեռելոց»: Տեսանյութի հրապարակումից հետո Արմանի մասին զրույցները վատ լսող անձանց և ժեստերի լեզվի հանդեպ մեծ հետաքրքրություն են առաջացնում: Եվ որոշվում է Տավուշում կազմակերպել լսողական խնդիրներ ունեցող անձանց մասնակցությամբ եզակի միջոցառում:

Համերգն ավարտվեց ժեստերի լեզվով թարգմանված Տերունական աղոթքով:

Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն օրհնեց հյուրերին, խոսելով մարդու կատարելության և նրա հնարավորությունների անսահմանության մասին:

«Ամեն ելույթից հետո հուզմունքս ավելանում էր: Ուրախություն էր պարգևում այն, որ մեր երեխաները վկայում են մարդու կատարելության մասին: Բացարձակ չկար որևէ բանի պակասի, խախտումի կամ խղճահարության զգացում ո՛չ իմ մեջ, ո՛չ էլ, վստահ եմ՝ դահլիճում: Եվ եթե որևէ մեկն ունենա այդ զգացումը մեր երեխաների հանդեպ, ուրեմն նա անարգանք ունի Աստծո ստեղծագործության՝ մարդու հանդեպ»,- ասաց թեմի առաջնորդը:

Երևանի լսողության խնդիր ունեցող երեխաները Տավուշում նաև պատարագի են մասնակցել, այն մատուցելով ժեստերի լեզվով, Հաղարծնավանքում էլ մասնակցել գաթա թխելու արարողության: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03