Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հարգանքի տուրք՝ Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին
08.05.2019
Այսօր՝ մայիսի 8-ին, մարզկենտրոն Իջևանում հանդիսավորությամբ նշվեց Երկրապահի օրը: Ավանդույթի համաձայն, միջոցառումն սկսվեց երթով Սահմանադրության հրապարակից դեպի Ազատամարտիկների հրապարակ՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին: Մասնակցում էին Տավուշի մարզպետարանի և Իջևանի քաղաքապետարանի պատասխանատուներ, Արցախյան ազատամարտի վետերաններ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, պատանի երկրապահներ: Երթի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին և ծաղկեպսակ դրեցին ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, որից հետո Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը տերունական աղոթք կարդաց: Միջոցառումը եզրափակվեց դհոլահարների խմբի ելույթով: