Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկման թեման երիտասարդների հետ տարվող աշխատանքներն էին
03.05.2019
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հերթական հանդիպումն ունեցավ մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկման թեման երիտասարդների հետ տարվող աշխատանքներն էին: Մարզպետը նախ ծանոթացավ ՀԿ-ների գործունեության ոլորտներին և ուղղություններին, այնուհետև նրանց կողմից իրականացվող ծրագրերին ու դրանցում երիտասարդության մասնակցությանը: Քննարկվող հարցի վերաբերյալ իր մոտեցումներում մարզպետը ներկաների ուշադրությունը հրավիրեց երիտասարդի բիզնես ունակությունների զարգացման վրա, որպեսզի նա կարողանա մրցունակ լինել և զարգացնել իր համայնքը: «Դուք պիտի կարողանաք նաև հանրային, կամավորական և դրամաշնորհային ռեսուրսները բերել դեպի մեր համայնքներ և հասարակություն: Դրանք մեծ հնարավորություններ են համայնքների զարգացման համար»,-ասաց Հայկ Չոբանյանը: Մարզպետը միաժամանակ կոչ արեց ՀԿ-ներին՝ ոչ միայն իրենք ակտիվ լինեն, այլ զբաղվեն նաև նոր-նոր ձևավորվող հասարակական կառույցների կարողությունների հզորացմամբ, որպեսզի նրանք ևս կարողանան ակտիվ մասնակցություն ունենալ մեր հասարակության կյանքին: