Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունել է Բերդի և Նավուրի երեխաների շահերի պաշտպանության խմբերին
02.05.2019
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունել է Բերդի և Նավուրի երեխաների շահերի պաշտպանության խմբերին: Հանդիպմանը ներկայացվել և քննարկվել են Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության «Երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում Նավուրի միջնակարգ դպրոցում, Բերդի ավագ դպրոցում և Բերդի պետական քոլեջում շահերի պաշտպանության խմբերի կողմից իրականացված հարցման արդյունքներն ու առաջարկները: Նավուրի դպրոցում որպես հիմնախնդիր երեխաներն արձանագրել են դպրոցի անմխիթար վիճակը, մասնավորապես ջեռուցման խնդիրը և դասասենյակների ոչ բավարար լուսավորությունը, որն իր ազդեցությունն է թողնում ուսուցման գործընթացը լավագույն ձևով կազմակերպելու վրա: Բերդի ավագ դպրոցում որպես հրատապ լուծում պահանջող խնդիր առաջնային է համարվել սանհանգույցների բարելավման հարցը, իսկ Բերդի պետական քոլեջում հանրային հարցման արդյունքում արձանագրվել է տրանսպորտային միջոցների անբավարարությունը և դեպի քոլեջ տանող ճանապարհային անվտանգության ապահովումը: Մարզպետը շնորհակալություն է հայտնել երեխաներին շրջապատի իրադարձություններին և երևույթներին հանրային մասնակցության համար, հորդորել, որ եթե կան երևույթներ, որոնց պիտի արձագանքել, անընդհատ պիտի արձագանքել մինչև դրանց լուծումը, կարևորել համայնքի դերը խնդիրների լուծման գործում: Մարզպետը նաև իր նկատառումներն է ներկայացրել բացահայտված խնդիրների վերաբերյալ, դրանց լուծման գործում անհրաժեշտ համարել բոլոր հնարավոր մասնակիցների ներգրավումը, հորդորել երեխաներին լինել առավելագույնս պահանջկոտ իրենց գործողություններում, նշել, որ քաղաքացիական վարքագիծը պետք է դրսևորվի խնդիրները լուծելով: Առաջարկել է նման հետազոտություններ իրականացնել նաև մարզի մյուս դպրոցներում: