Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

19.04.2019

  Խնդիրը ոչ թե պլանային ցուցանիշների մեջ է, այլ խնդիրն այն է, որ սոցիալ-տնտեսական ոլորտում իրականացվող ծրագրերն ուղիղ համեմատական են մեր հասարակության, բնակչության եկամուտներին, բարեկեցությանը: Այսօր ոչ թե խոսում ենք պլան կատարելու մասին, այլ մեր բնակչության բարեկեցության ապահովման. Հայկ Չոբանյան, Տավուշի մարզպետ
 Ապրիլի 18-ին տեղի է ունեցել Տավուշի մարզխորհրդի նիստը, որը վարել է մարզպետ Հայկ Չոբանյանը: Մասնակցել են նաև մարզի հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, կրթական, առողջապահական, մշակութային հաստատությունների տնօրեններ: Քննարկվել է օրակարգով նախատեսված 4 հարց, և անդրադարձ է կատարվել նաև մարզում սպասվող ճանապարհաշինության ծրագրերին, առաջիկա մշակութային միջոցառումների կազմակերպմանն ու մի շարք այլ խնդիրների:
Մարզի համայնքներում աղետների ռիսկերի կառավարման կամ նվազեցման պլանների գործընթացի վերաբերյալ, քաղաքացիական պաշտպանության վիճակի և կամավորական շարժման մասին` օրակարգով նախատեսված հարցը ներկայացրել է Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Վահան Փիրումյանը: Մարզպետ Հայկ Չոբանյանն, ամփոփելով թեման, նշել է, որ մեր մարզի համար սա կարևորագույն ոլոտներից մեկն է և ընդգծել, որ այս ուղղությամբ կազմակերպվող բոլոր միջոցառումներին ու իրականացվող ծրագրերին պետք է վերաբերվել ամենայն պատասխանատվությամբ:
Մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը մարզխորհրդի նիստում ներկայացրել է ՀՀ Տավուշի մարզի ռազմավարության 2018թ. տարեկան աշխատանքային պլանով իրականացված մոնիթորինգի և գնահատման տարեկան հաշվետվությունը: Բազմաթիվ այլ ցուցանիշների հետ միասին, նա տեղեկացրել է, որ զբոսաշրջության ոլորտի 2018 թվականի նախատեսված բյուջեն կազմել է 2 359 000.0 հազ. դրամ, իսկ փաստացի կատարողականը` 1144.834 մլն.դրամ: 2018թ. մարզային ենթակայության կրթական ոլորտի բյուջեն կազմել է 5 263,2 մլն. դրամ, իսկ տարեկան փաստացի կատարողականը 4916,354 մլն. դրամ է: Մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ոլորտի բյուջեն կազմել է շուրջ 383,7 մլն.դրամ, որից իրականացվել են 337,644 մլն. դրամի աշխատանքներ:
-Ըստ էության զբոսաշրջության ուղղությամբ մենք ունենք պլանավորված և փաստացի ցուցանիշների 50 տոկոս հսկայական տարբերություն, 20 տոկոս նվազում կա նաև կրթության և մշակույթի ոլորտներում, 10 տոկոս` սոցիալականում: Հաջորդ հերթական մարզխորհրդի նիստին բյուջեի կատարողականները ներկայացնելիս պետք է քննարկել նաև առկա ռիսկերը, խնդիրները, որոնք տանում են նվազման: Արդյունքում պետք է ունենանք ոչ թե նվազման, այլ գերազանցման ցուցանիշներ: Խնդիրը ոչ թե պլանային ցուցանիշների մեջ է, այլ խնդիրն այն է, որ սոցիալ-տնտեսական ոլորտում իրականացվող ծրագրերն ուղիղ համեմատական են մեր հասարակության, բնակչության եկամուտներին, բարեկեցությանը: Այսօր ոչ թե խոսում ենք պլան կատարելու մասին, այլ մեր բնակչության բարեկեցության ապահովման,-ամփոփել է մարզպետ Հայկ Չոբանյանը:
Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ասքանազ Բաբլումյանը ներկայացրել է 2018 թ-ի տեղական բյուջեների կատարողականի և 2019-ի համար հաստատված բյուջեների մասին տեղեկատվությունը: Մարզի համայնքների 2018 թվականի տարեկան եկամուտների փաստացի մուտքը կազմել է 3 մլրդ. 609 մլն. 400 հազար դրամ, որը կազմում է նախատեսվածի 99.2 %-ը, իսկ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 1 մլրդ. 39 մլն. 211 հազար դրամ կամ կատարվել է 99.0 %-ով:
Մարզպետն ամփոփելով հարցը, նշել է, որ բյուջեների սեփական եկամուտների կատարողականի բարձր մակարդակն ապահովելու համար առաջին հերթին պետք է մեծացնենք մեր քաղաքացիների աշխատանքային բարեկեցությունը: Նա տեղեկացրել է, որ այն ծրագրերը, հատկապես գյուղատնտեսական, որոնք նախատեսված են իրականացնել մարզում, նույնպես միտված են այդ խնդրի լուծման խթանմանը: Նա ընդգծել է, որ գյուղացին պետք զբաղվի գյուղատնտեսությամբ և համոզված լինի, որ դրա արդյունավետությունն ապահովված է լինելու:
Մարզպետն առաջարկել է նաև համայնքների ղեկավարներին քննարկել և համարձակ ծրագրեր ներկայացնել, որոնք միտված կլինեն համայնքային բյուջեների վիճակի բարելավմանը: Քանի որ գաղտնիք չէ, որ հիմնականում համայնքները սեփական բյուջեների հաշվին նույնիսկ իրենց առջև դրված նվազագույն խնդիրները չեն կարողանում լուծել:

Մարզխորհրդի նիստում գյուղատնտեսության ոլորտի 2018 թվականի կատարած աշխատանքները և 2019 թվականի խնդիրները ներկայացրել է գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը: Ներկայացվել են նաև ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող արտոնյալ ծրագրերը, դրանց իրականացման պայմանները: Մարզպետ Հայկ Չոբանյանը նշել է.
-Այս ծրագրերի մասին տեղեկատվությունն առավելագույնս պետք հասցնել մարդկանց: Մեր խնդիրն է, վերացնել հանդիպող բոլոր խոչընդոտները, թերությունները, որպեսզի մարդիկ կարողանան օգտվել ծրագրերից: Ընդհանրապես, գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ մենք համակողմանի օգտագործում ենք բոլոր միջազգային ծրագրերի ռեսուրսները և նոր ծրագրեր ենք քննարկում մեր գործընկերների հետ: Դրանք համարյա ամենօրյա գործողություններ են: Գյուղատնտեսությունը լայն շրջանակ է իր մեջ ներառում, բայց կան զարգացման հիմնական ուղղություններ, որոնք ցանկացած ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնենք: Ոռոգումը և չմշակվող հողատարածքների մշակումը մեր հիմնական առաջնահերթություններից են: Այդ ուղղությամբ բազմաթիվ գործընթացներ արդեն սկսված են, և կարծում եմ փոքրիկ, բայց որոշակի արդյունքներ արդեն կան: Այս տարվա մեր սուբվենցիոն ու հրատապ խնդիրների լուծման շրջանակներում իրականացվող ծրագրերում նույնպես այս ուղղություններին խիստ ուշադրություն է դարձվել: Հաջորդը ջերմոցային տնտեսություններն են, որտեղ նույնպես կան մեծ ծավալի ծրագրեր: Մենք պիտի ապահովենք, որ գյուղացին կարողանա աշխատել և արժեք ստեղծել շուրջ տարին: Այս գործընթացը հատկապես կակտիվանա օգոստոս ամսից սկսած, բայց այսօր արդեն աշխատանքներն այդ ուղղությամբ տարվում են: Ուշադրություն ենք դարձնելու նաև մեթոդաբանությանը, որի ուղղությամբ նույնպես մեխանիզմներ ենք մշակում: Դա ապահովելու է խորհրդատվական հարթակի գործունեությունը, որպեսզի գյուղացին իրեն մենակ չզգա:
Ամփոփելով նիստը, մարզպետ Հայկ Չոբանյանը խոսել է նաև գյուղատնտեսության զարգացման և գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման մասին, դրան հասնելու մեթոդների ու ճանապարհների վերաբերյալ:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59