Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պետությունը խրախուսում է խնամատար ընտանիքների կայացումը

16.04.2019

Յուրաքանչյուր երեխա պետք է մեծանա ընտանիքում

  Խնամատարությունը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխային այլ ընտանիքում խնամք և դաստիարակություն տրամադրելն է:
Խնամատար ընտանիքը որոշակի ժամկետով ստանձնում է երեխայի խնամքը և դաստիարակությունը, մինչև երեխայի կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորումը կամ երեխայի 18 տարեկան դառնալը, անհայտ բացակայող ճանաչված ծնողի հայտնվելն ու երեխային իր խնամքի տակ վերցնելը և այլն:
Այսօր Հայաստանում ընտանիքից դուրս, խնամքի տարբեր հաստատություններում գտնվում է 3500 երեխա: Եթե երեխան չունի ընտանիք, կամ չի կարող ապրել իր կենսաբանական ընտանիքում, օգնության են գալիս խնամատար ընտանիքները, որոնց կայացումը պետությունը խրախուսում է:
Այն քաղաքացիները, որոնք կցանկանան իրենց խնամքի տակ վերցնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի ՝ կարող են դիմել մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին:

Վճարվու՞մ է արդյոք խնամատար ընտանիքը

  Ամսական վճարը կազմում է 130-140 հազար դրամ՝ հաշվի առնելով երեխայի տարիքը, առողջական վիճակը և այլն:
Գումարը պետք է ծառայի երեխայի ապրուստը հոգալու, անձնական հիգիենայի պարագաների, կենցաղային իրերի, հագուստի, դեղորայքի և այլ նպատակների:
Երեխային խնամելու ժամանակահատվածը խնամատար ծնողի համար հաշվարկվում է աշխատանքային ստաժ:
Եթե երեխան ունի առողջական խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել հատկացված գումարի սահմաններում, պետությունը հոգում է նաև այդ ծախսերը:
Խնամատար ընտանիքն ու այդտեղ ապրող երեխան անընդհատ դիտարկվելու են սոցիալական ծառայողի կողմից: Երեխայի հարմարավետությունն ստուգող այցելությունները կարող են լինել օրվա ցանկացած ժամի ու առանց նախազգուշացման: Հաշվի է առնվելու ամեն ինչ՝ երեխայի քաշը, սնունդը, հիգիենան, հագուստը, վարքը:
Խնամատարության դիմաց տրվող գումարը ոչ մի դեպքում չպետք է ընտանիքի ապրուստի միակ միջոցը լինի:

Ո՞վ կարող է դառնալ խնամատար ծնող

 Հայաստանի տարածքում բնակվող, ՀՀ չափահաս քաղաքացիները՝ որոշ բացառություններով: Հավակնորդ ընտանիքները պետք է վերապատրաստման դասընթացներ անցնեն, տիրապետեն մանկատներում ապրած, դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների հետ շփման ու դաստիարակության հմտություններին:
Ընտրությանը մասնակցելու են համայնքային մարմինները, որոնք տեղեկություններ ունեն ընտանիքի համբավի, կայուն եկամուտների մասին:
Խնամատար ծնող կարող են դառնալ նաև զավակ չունեցող քաղաքացիները: Բայց ոչ երեխայի ազգականները, բացառություն կարող է լինել միայն հաշմանդամություն ունեցող երեխայի դեպքում:

Ո՞ր դեպքում երեխան կարող է խնամատարության հանձնվել

 Միայն առանց ծնողական խնամքի մնացած 18 տարին չլրացած երեխան, ում ծնողները՝
• մահացել են
• զրկվել են ծնողական իրավունքներից
• ճանաչվել են անգործունակ
• խուսափում են իրենց պարտականությունները պատշաճ կատարելուց
• դատարանի որոշմամբ ճանաչվել են անգործունակ, մահացած կամ անհայտ բացակայող
• կամ համարվում են փաստացի առանց ծնողական խնամքի մնացած
Խնամատար ծնողները չեն ընտրում երեխային, այլ երեխայի համար են ընտրվում հարմար ծնողներ: Այս հարցում միջնորդ կողմը սոցիալական մասնագետներն են:

  Իսկ ի՞նչ պիտի լինի, երբ լրանա երեխայի 18 տարին

 Անհրաժեշտության դեպքում խնամքը և դաստիարակությունը կարող է տրամադրվել նաև հոգեզավակի 18 տարեկանը լրանալուց հետո՝ պետության կողմից տրամադրվող հետխնամքի աջակցության տեսքով:
Իսկ եթե՝ ոչ, ապա երեխան պետք է վերադառնա ընտանիք, կամ՝ խնամքի կենտրոններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26